ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Կոնգոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ժան-Կլոդ Գակոսոյին:

 

 

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ հաճելի է Նյու Յորքում երկու շաբաթ առաջ կայացած հանդիպումից հետո հանդիպել Երևանում և շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումները։

 

 

Նախարար Գակոսոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ դեռ Լենինգրադում (ներկայիս Սանկտ Պետերբուրգ) ուսանելու տարիներին հնարավորություն է ունեցել ծանոթանալու հայ ժողովրդի պատմության և մշակույթի հետ և այժմ շատ ուրախ է, որ ներկայացնում է իր երկիրը Երևանում՝ Ֆրանկոֆոն ընտանիքի համար այս կարևոր միջոցառմանը։

 

 

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք է բերվել երկկողմ իրավապայմանգրային դաշտի ձևավորման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ։

 

 

Կոնգոյի արտգործնախարարը ներկայացրել է Աֆրիկայում տեղի ունեցող գործընթացները, իր երկրի արտաքին քաղաքական առաջնայնությունները և տնտեսական ու ներդրումային հնարավորությունները։