ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Շիրակի մարզ այցելության օրը, ինչպես հավաստիացրեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ և համատեղության կարգով՝ ՀՀԿ Շիրակի մարզային պատասխանատու Սահակ Մինասյանը, պատահաբար համընկավ «Շիրակի ձմեռ» տոնակատարության հետ, որը տեղի ունեցավ Շիրակի մարզի Թորոսգյուղում և ուր ներկա էին Շիրակի մարզի բոլոր համայնքների մանկավարժներն ու բարձր դասարանցիները:

Կրթության վարչության պետը հավաստիացրեց նաև, որ սեղանները, որոնք պատրաստել էին առանձին դպրոցները, բացառապես պետական միջոցներով են, և աշակերտները որևէ ծախս չեն արել: «Առանձին տուփերով կարկանդակներ, հյութեր, բոլորը պետական միջոցներով: Մենակ խաշլաման համայնքների բնակիչների, գյուղացիների ցանկությունն է եղել, իրենք են բերել և իրենք էլ ուտելու են, քառասուն ղազան խաշլամա է, բոլորին կբավականացնի, և սոված ոչ ոք չի հեռանա»,- galatv.am-ի հետ զրույցում երաշխավորեց ՀՀԿ շտաբի պետը:

Այնուհետև ԳԱԼԱ-ն փորձեց տեղեկանալ, թե քանի ոչխար են մորթել այդ օրը և ինչպես է որոշվել ոչխար մորթել: Համայնքի ղեկավարները պատմեցին, որ Շիրակի մարզպետարանի կողմից է իրենց հրահանգ եղել՝ յուրաքանչյուր համայնք մեկ ոչխար զոհաբերել Սերժ Սարգսյանի այցելության պատվին: Եվ այսօր 20 ոչխար են մորթել և 40 «ղազան» խաշլամա պատրաստել:

«Աշոցքի և Ամասիայի գյուղերն էին, յուրաքանչյուր համայնք իր համար մի հատ գառ է մորթել, խաշլամա էինք արել, Սերժ Սարգսյանն էլ եկավ, սիմվոլիկ յուրաքանչյուրի սեղանից օգտվեց: Մեկ ոչխար էլ նվիրաբերեց Թորոս համայնքը, հենց ոչխարը մենք մորթել ենք համայնքի համար: Իսկ Սերժ Սարգսյանը ընդամենը սեղանին մոտեցավ ...Ես չեմ կարող ասել դա մեր համայնքից ում ոչխարն էր, ես ասել էի, հանձնարարել էի՝ մորթել բերել են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Թորոսգյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Արմեն Սարգսյանը:

Քրիստինա Մկրտչյան