Սիրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում, "Էրեբունի-Երևան" տոնակատարության պաշտոնական հանդիսության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (ֆոտոշարքը շուտով):
Տեղեկացնեմ, որ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն էր տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին, երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումների նախագծերին:
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի' 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն:
Մանկության տարիներին ՀՀ-ում լրջորեն զբաղվել է հեծանվասպորտով, եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն:
IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճել է 2005 թվականին' նոկաուտով առավելության հասնելով նիգերիացի Իկեկե Քինգսլիի նկատմամբ: Այդ տիտղոսը Աբրահամը պաշտպանել է մինչև 2009 թվականը:
Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 47 մենամարտ, որոնցից 43-ում հաղթել է' համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 6 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012, 2014) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ' ըստ գերմանական հեղինակավոր "Box Sport" ամսագրի վարկանիշի:
Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից):
2007 թ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար Արթուր Աբրահամին պարգևատրել է ՀԱՕԿ-ի շքանշանով:
2011 թվականի սեպտեմբերի 16-ին' ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Արթուր Աբրահամին պարգեւատրել է Սփյուռքի նախարարության "Պողոս Նուբար" մեդալով:
2014 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Արթուր Աբրահամին հանձնել է շնորհակալագիր' միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար»: