fcbanants.am  «Բանանցի» նոր գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն որպես «Բանանցի» գլխավոր մարզիչ իր շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց հայկական ակումբում աշխատելու իր մոտիվացիան և պատասխանեց տարաբնույթ հարցերի:

- Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ակումբի հրավերքի և աշխատանքային հիանալի պայմանների համար: Ինձ հետ միասին ժամանել է մարզիչների խումբ, ովքեր Իսպանիայի ամենահռչակավոր ակումբներում աշխատելու փորձ ունեն՝ «Դեպորտիվոյում», «Վալենսիայում», «Լևանտեում» և այլն: Բոլորս միասին պետք է ձգտենք, որպեսզի «Բանանցում» ֆուտբոլային կյանքն ավելի հարուստ և բովանդակալից դառնա: Պետք է այնպես անել, որ «Բանանցի» ներքին զարգացումն ավելի արդյունավետ դառնա, որպեսզի ակումբը մրցունակ դառնա նաև միջազգային ասպարեզում: Այս ամենին հասնելու համար պետք է փոփոխության ենթարկվի ողջ մարզական կառուցվածքը: Պետք է բարձրացնել նաև ֆուտբոլիստների պատրաստվածության մակարդակը և «Բանանցի» բոլոր աշխատակիցները պետք է համագործակցեն մարզիչների հետ, որպեսզի կարողանանք հասնել մեր առջև դրված նպատակներին:

- Ինչպիսի՞ տպավորություններ եք ստացել Հայաստանի առաջնությունից հանդիպումներին ներկա գտնվելուց հետո:
- Մեկ ամիս առաջ այցելել եմ «Բանանց» և դիտել եմ մի քանի հանդիպում: Այս ընթացքում հետևել եմ նաև «Բանանցի» ելույթներին համացանցի միջոցով: Իմ կարծիքով, հայկական ֆուտբոլում մեծ տեղ է զբաղեցնում ֆիզիկական պայքարը, իսկ Իսպանիայում կարևորությունը տրվում է մտածողությանն ու տակտիկական բաղադրիչներին: Մեր նպատակն է համատեղել հայկական ֆուտբոլի ֆիզիկական բաղադրիչն ու իսպանական ֆուտբոլի կոմբինացիոն բաղադրիչը:

- Արամ Ոսկանյանը մնալու է «Բանանցի» մարզչական շտաբում: Որքա՞ն կարևոր է դա Ձեզ համար:
- Ես շատ շնորհակալ եմ նրան, որ նա պատրաստակամություն հայտնեց մնալ թիմում: Նրա դերը շատ մեծ է լինելու ակումբի աշխատանքում: Մեզ համար շատ կարևոր է հայ մարզիչների հետ համագործակցությունը: Մենք չենք եկել որևէ մեկի տեղը զբաղեցնելու համար: Մենք եկել ենք, որպեսզի ավելացնենք նրան, ինչ արդեն գոյություն ունի:

- Կոնկրետ խնդիրներ դրվա՞ծ են ակումբի առջև առաջիկա մրցաշրջանի համար:
- «Բանանցի» առջև շատ բարձր և հավակնոտ նպատակներ են դրված: Առաջիկա ժամանակահատվածը կարող է լինել անցողիկ ու դժվար, բայց արդեն վաղվանից մենք պետք է սկսենք աշխատելը: Նպատակ է դրված որքան հնարավոր է բարձրանալ մրցաշարային աղյուսակում և պայքարել եվրագավաթային ուղեգրի համար:

- Առաջին հերթին ինչպիսի՞ աշխատանքներ է պետք կատարել:
- Այժմ պետք է աշխատենք այն ֆուտբոլիստների հետ, ովքեր կան մեր տրամադրության տակ և պետք է ներառենք մեր իսպանական մեթոդները: Այսինքն պետք է փոխենք «Բանանցի» մթնոլորտը, ինչը շատ հանդարտ գործընթաց է: Բայց աստիճանաբար փոփոխությունները տեսանելի կլինեն պրոֆեսիոնալիզմի աճի առումով: Մենք չենք եկել միայն հաղթանակներ ապահովելու համար: Մենք ցանկանում ենք փոխել այն, ինչպես են տեսնում և ընկալում ֆուտբոլը: Իսպանիյում շատ քիչ ակումբներ ունեն այնպիսի հնարավորություններ, ինչպիսին «Բանանցում» է: «Բանանցը» պետք է հպարտ լինի դրանով և լավագույնս օգտագործի այս բոլոր հնարավորությունները:

- Գիտեմ, որ ներկա եք գտնվել Հայաստանի հավաքականի խաղին: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր տեսածը:
- Տակտիկական առումով շատ թերություններ տեսա: Կար ներուժ և լավ անհատ խոստումնալից խաղացողներ, բայց շատ խնդիրներ կային տակտիկական առումով: Ես տեսա, թե ինչպես էին 11 տարբեր ֆուտբոլիստներ դաշտում մտածում 11 տարբեր կերպ: Իսկ ֆուտբոլը ենթադրում է միասնական մտածելակերպ ողջ թիմի մոտ:

- Առաջին իսպանացի մասնագետն եք, ով աշխատելու է Հայաստանում: Ի՞նչը դրդեց նրան, որ ընդունեցիք այս առաջարկը:
- 20 տարուց ավելի աշխատել եմ Լա Կորունյայի «Դեպորտիվոյում», բայց այս առաջարկը շատ հետաքրքիր էր: Կան հանգիստ աշխատելու բոլոր պայմանները: Առաջին անգամ Հայաստան գալուց հետո դրական տպավորություններ ստացա և Հայաստանից մեկնելուց հետո զգացի, որ ցանկանում եմ վերադառնալ և աշխատել այստեղ: Բացի այդ կարևոր դեր խաղաց Ռոման Ասխաբաձեի իսպաներենի իմացությունը (ժպտում է):