ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 4 ամսական երեխայի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին MediaMall.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից:

 

Նախնական քննության տվյալներով՝ Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակչուհին տարիներ առաջ՝ 2008 թվականին, քարով հարվածել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու երկրորդ կնոջ մանկահասակ՝ 4 ամսական երեխայի գլխին և սպանել։

 

Դեպքի առթիվ հոկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում նույն օրը կատարվել է արտաշիրիմում։

 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար։

 

38-ամյա կինը բերման է ենթարկվել։