Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունն ու հաստատում եկեղեցու և պետության տարանջատվածության սկզբունքը՝ միաժանակ ճանաչելով Հայ առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահապան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ԱՄՆ պետդեպի հրապարակած՝ «Միջազգային կրոնական ազատություն-2014» զեկույցի՝ Հայաստանին առնչվող հատվածում:

 

 

Զեկույցում նշվում է, որ 3.1 միլիոն (2014 թվականի հուլիսի տվյալներով) բնակչություն ունեցող Հայաստանում 2011 թվականի տվյալներով բնակչության 92 տոկոսն իրեն Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է համարում: Մյուս կրոնական խմբերի մեջ, որոնք կազմում են բնակչության 5 տոկոսից պակաս մասը, մտնում են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու և Հայկական Մխիթարյան միաբանության հետևորդ կաթոլիկներ, ուղղափառ քրիստոնյաներ, հայ ավետարանչական եկեղեցու հետևորդ քրիստոնյաներ, մոլոկաններ, հիսունականներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, բապտիստներ, խարիզմատիկ քրիստոնյաների տարբեր խմբեր, Եհովայի վկաներ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հետևորդներ (մորմոններ), եզդիներ (եզիդիզմին հարող ոչ մահմեդական քրդեր), հրեաներ, սուննի մահմեդական քրդեր, շիա մահմեդականներ և հեթանոսներ:

 

 

Եզդիները հիմնականում կենտրոնացված են Արագած լեռանը հարող գյուղական բնակավայրերում' մայրաքաղաք Երևանից դեպի հյուսիս- արևմուտք: Հայ կաթոլիկները հիմնականում բնակվում են հյուսիսում, մինչդեռ հրեաները, մորմոնները, բահայականներն ու ուղղափառ քրիստոնյաները, ինչպես նաև հիմնականում շիա մահմեդականների փոքրիկ համայնքը' կազմված իրանցիներից ու Միջին Արևելքի երկրներից եկած ժամանակավոր բնակիչներից, բնակվում են Երևանում:

 

 

ԱՄՆ պետդեպի զեկույցում նշվում է, որ թեպետ Սահմանադրությամբ ամրագրվում է կրոնական ազատությունը և կրոնական հավատքի դավանելու, այն ընտրելու կամ փոխելու իրավունքը, սակայն երկրի Մայր օրենքը նաև ճանաչում է «հայ առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերը՝ որպես ազգային եկեղեցի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման մեջ, և ազգային ինքնության պահպանման գործում»: Սահմանադրությունը հստակորեն ընդգծում է ցանկացած մարդու դավանանքի ազատությունը՝ սահամանփակելով այն միայն այն պարագայում, երբ դա վնասում է հանրային անվտանգությանը, առողջությանն ու բարոյականությանը:

 

 

ԱՄՆ պետդեպի նոր զեկույցում ընդգծվում է, որ թեպետ օրենքը սահմանում է, որ հանրային կրթությունն աշխարհիկ է, սակայն հայկական դպրոցներում 5-11-րդ դասարանների աշակերտներն անցնում են Հայ առաքելական եկեղեցու պատմություն: Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու այդ դասագրքերի և դասընթացը վարող ուսուցիչների պատրաստման գործընթացին: Զեկույցում նշվում է, որ դասընթացներից աշակերտները հրաժարվել չեն կարող: Հիշատակվում է նաև այն փաստը, որ Հայ առաքեալական եկեղեցու հետևորդներն ունեն անվճար մուտք կամ իրավունք ունենալու ներկայացուցիչներ հիվանդանոցներում , մանկատներում, գիշերօթիկներում, զորամասերում, մինչդեռ մյուս կրոնական խմբերի ներկայացուցիչները վերոնշյալ վայրերում կարող են իրենց ներկայացուցչին ունենալ միայն այդ նպատակով հարցում անելու և դրական պատասխան ստանալու պարագայում: