Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովի դեմ քրեական գործի հետ կապված' հետաքննությունը շարունակում է հարցաքննել Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցներին, որոնք աշխատել են նրա հետ:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան»-ը' հղում կատարելով տեղեկացված աղբյուրին:

 

 

Նրա պնդմամբ' արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցներին կանչում են Բաքու եւ պահանջում ստորագրել Մամեդովի դեմ արդեն պատրաստված ցուցմունքների տակ: Հակառակ դեպքում, նրանց սպառնում են պատասխանատվության ենթարկել:

 

 

Նման դիվանգետներից մեկն էլ Սեյմուր Իսմայիոլվն է, ով աշխատում էր Ստրասբուրգում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունում, երբ այն ղեկավարում էր Մամեդովը:

 

 

Այն բանից հետո, երբ Արիֆ Մամեդովը Բաքվում 15 մարդու կյանք խլած հրդեհի համար մայիսին Facebook-ում քննադատեց մեղավոր չինովնիկներին, անմիջապես հայտնվել է իշխանությունների անբարյացակամ մթնոլորտում, եւ Իսմայիլովին սկսել են համառորեն կանչել Բաքու:

 

 

Այդ ժամանակ Իսմայիլովն արդեն աշխատում էր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատանը' տնտեսական գործերով ղեկավարի պաշտոնում: Իրեն պաշտոնական հրավեր ուղարկելու նրա պահանջից հետո նրա վրա ճնշում եւ սպառնալիքներ են գործադրել: Դրանից հետո Սեյմուր Իսմայլիովը հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան եւ ապաստան է խնդրել Ֆրանսիայում:

 

 

Հետո, դատախազության դիմումի համաձայն, ԱԳՆ-ն Իսմայլիովին ժամանակից շուտ հետ է կանչել ծառայողական գործուղումից:

 

 

Իսմայիլովին հետապնդելու եւ ճնշելու իրավիճակը «Թուրան»-ին հաստատել է նաեւ ինքը' Արիֆ Մամեդովը:

 

 

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը չի մեկնաբանում Իսմայիլովի շուրջ ստեղծված իրավիճակը: Ադրբեջանի գլխավոր դատախազությունում եւս հրաժարվել են մեկնաբանություններ տալ' խոստանալով «գլուխ հանել»:

 

 

Դա արդեն հինգերորդ ադրբեջանցի դիվանագետն է, ով հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան: Նրանց բոլորին միավորում է այն, որ նրանք «լայք» են դրել Արիֆ Մամեդովի չինովնիկներին քննադատած նշանավոր հոդվածի տակ:

 

 

Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար մի քանի ամիս առաջ զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովն այն բանի համար, որ հրապարակորեն քննադատել էր իշխանություններին մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար: Իսկ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան արդեն նախկին երրորդ քարտուղար Անար Հասանովն աշխատանքից հեռացվել էր դեսպան Ռովշան Ջամշիդովին եւ ԱԳՆ-ի ղեկավարությանն ընդհանրապես կոռուպցիայի մեջ մեղադրելու համար:

 

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արիֆ Մամեդովի եւ Անար Հասանովի նկատմամբ անմիջապես շինծու քրեական գործեր է հարուցել' մեղադրելով ինչ- որ ապօրինի գործողությունների մեջ:

 

 

«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան երրորդ քարտուղար Անար Հասանովի պաշտոնանկությունից առաջ աշխատանքից հեռացվել էր դեսպանատան աշխատակից Ֆարիդ Սուբհանվերդիեւը: Դիվանագիտական ծառայությունից ետ կանչվելուց հետո Ֆարիդ Սուբհանվերդիեւը հրաժարվել է վերադառնալ հայրենիք: Հիշյալ երեք դիվանագետները, ինչպես եւ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակից Նահիդ Մուխտար օղլու Ջաֆարովը ապաստան են խնդրել իրենց գտնվելու երկրներում:

 

 

Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ հարկադիր վերաբնակների հարցերով Պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը սեփական երկրի ԱԳՆ-ում տիրող այդ խայտառակ փաստերի առնչությամբ հայտարարել է, որ «Ադրբեջանի որոշ դեսպաններ զբաղված են բիզնեսով, իսկ մյուսներն էլ դավաճանում են»:

 

 

Ադրբեջանի ԱԳՆ-ում շարունակվող «ապաստանային սկանդալի» պատճառով արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկության պահանջով արշավ է սկսվել: