Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում մի խումբ անձանց կողմից Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչներ, ամուսիններ Շ. Ալիյանին և Թ. Սադայանին ավազակային հարձակման են ենթարկվել:

 

Ազգությամբ եզդի ամուսինների բնակարանից հափշտակել են գումար, ոսկյա զարդեր, իսկ տան 2 հարկերն էլ ամբողջովին տակնուվրա են արել:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Սանջար» հ/կ նախագահ Բորիս Մուրազին ասաց, որ բազմաթիվ եզդիների շատ է մտահոգում, թե ինչքանով հանցագործությունը կապ ունի ազգային պատկանելության հետ:

 

«Ես վստահ եմ, որ ազգային հողի վրա տեղի չի ունեցել հանցագործությունը, ես կարծում եմ, որ սա սովորական հանցագործություն է, որը պետք է պատժվի ՀՀ օրենքներով»,- ասաց Բորիս Մուրազին և հավելեց. «Այս մասին ինձանից հետաքրքրվող եզդիներին ասում եմ, որ սա հանցագործություն է, որը կարող էր պատահել հայի, ասորու կամ քրդի հետ»:

 

Բորիս Մուրազին հույս հայտնեց, որ համապատասխան մարմինները ձեռնամուխ կլինեն դեպքի բացահայտմանը: