Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնը Հայաստանի ներկայացուցիչը կզբաղեցնի ռոտացիոն սկզբունքով: Կոլեգիայի նախագահի պաշտոնում Հայաստանն առաջադրել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով լավագույնս կվարի այդ պաշտոնը: Հոկտեմբերի 19—ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

 

 

«ԵԱՏՄ մեր մյուս գործընկների համաձայնությամբ մենք պետք է առաջադրեինք մեր ներկայացուցչին: Մեր առաջադրած թեկնածուի՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկանծությունը հավանության արժանացավ, և ես վստահ եմ, որ սա այն պաշտոնն է, որը պարոն Սարգսյանը լավագույնս կվարի ու կկարողանա ներկայացնել իր մասնագիտական որակները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդգծեց նա, հավելելով, որ այս պաշտոնավարումը Հայաստանի և' տնտեսության և' քաղաքականության զարգացման համար կարևոր է:

 

 

Ասուլիսին մասնակից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը նշեց, որ կլինի Տիգրան Սարգսյանը, թե ուրիշ որևէ մեկը Հայաստանից, միակ բանը, որ ինքն է ցանկանում, այն է, որ այդ մարդն օր ու գիշեր մտահոգվի հայկական խնդիրներով և խոսի հայկական շահերից:

 

 

Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016 թվականի փետրվարի 1-ից կանցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնին: