Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Անգամ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով այդ նշանակման մասին, ասել էր, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունն անվիճելի էր ԵՏՄ բոլոր երկրների համար։


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ երկու թիրախ է տեսնում: Առաջին՝ Տիգրան Սարգսյանը հայտնի էր որպես Հայաստանի եվրոպական տեսլական ունեցող պաշտոնյա, հետևաբար, նրան տանելով այնտեղ՝ վարկաբեկում են քաղաքականության մեջ սկզբունքայնությունը: Այս կերպ ցույց են տալիս, որ անգամ եվրոպամետ քաղաքական-պետական գործիչները կարող են շատ արագ փոխել գաղափարախոսական դավանանքը, և երկրորդը՝ վերահսկելի լինեն, քանի որ աշխատելու է որպես պաշտոնյա, զսպված է լինելու դիրքերը պաշտպանելով, հետևաբար, այլ դիրքորոշում հայտնելու հնարավորութւուն չի ունենալու»,- ասաց Սաֆարյանը:

 

Մեր այն հարցին, թե Տիգրան Սարգսյանի նշանակումն ի՞նչ օգուտ կարող է բերել Հայաստանին, Սաֆարյանը հարց բարձրացրեց.

 

«Այդ կառուցը Հայաստանին տալու բան ունի՞, այդ կառույցը ճգնաժամի մեջ է, այդ կառուցն իր հիմնադիր անդամներին տալու քիչ բան ունի, ինչ մնաց Հայաստանին տա: Ես տարակուսում եմ, երբ լսում եմ ՝գնա մեր շահերը սպասարկի, գիտե՞ք ինչ՝ հայկական ժուլիկությունն աշխարհի համար չէ, այնպես չէ, որ այնտեղ փողը թափված է և պետք էր հայազգի ղեկավար լինել, որպեսզի փողը բերի Երևան»: