Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում ավտոմեքենայի սրահից կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

 

 

2015 թվականի սեպտեմբերի 26-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Մերսեդես բենց» մակնիշի 38TV008 պետհամարանիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով ավտոմեքենայի սրահից գողացել են կանացի երկու պայուսակ, որոնց մեջ եղել են կանխիկ գումար, ոսկյա զարդեր, բջջային հեռախոս։

 

 

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանշներով:

 

 

Քրեական գործով ստացվել են դեպքի վայրում տեղակայված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է 30-35 տարեկան մի երիտասարդ քայլում «Մերսեդես բենց» մակնիշի 38TV008 պետհամարանիշի ավտոմեքենայի շուրջը, ապա՝ հարվածներ հասցնում ավտոմեքենային:

 

 

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու տեսագրության մեջ պատկերված անձին։

 

 

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

 

 

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: