Orange հիմնադրամը հանդիսավորությամբ ազդարարեց 2015թ. մայիսին Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում մեկնարկած «Մեկ գյուղ» լայնածավալ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Համայնքի համալիր զարգացմանն ուղղված այս նախագիծը, որի իրականացմանն այս տարի Orange Հիմնադրամը հատկացրել է 52 մլն դրամ, արդեն թվով երկրորդն է. առաջին «Մեկ գյուղ» ծրագիրն իրականացվել է 2014թ.-ին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում:

 

Պառավաքարում իրականացված «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում համայնքում ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերատիվ: Հաշվի առնելով գյուղի բնակիչների ճնշող մեծամասնության զբաղվածությունը խաղողագործության ոլորտում՝ կոոպերատիվին տրամադրվել է խաղողի այգիները մշակելու համար նախատեսված ժամանակակից տրակտոր, ինչպես նաև ոռոգման, վարման, խաղողի տնկիներն էտելու և մշակելու համար անհրաժեշտ սարքավորումներ: Բացի այդ, ֆինանսական միջոցներ են հատկացվել հավելյալ 25հա հողատարածք ոռոգելու համար, ինչը թույլ է տվել ընդլայնել խաղողի այգիներն ու օգտագործել ջրի սղության հետևանքով նախկինում անմշակ հողատարածքը. առաջին տնկիները կձևավորեն նոր այգիներն արդեն այս տարեվերջին: Նախատեսվում է, որ այս փոփոխություններից հետո խաղողագործների տարեկան եկամուտները կմեծանան մոտ 30%-ով:

 

«Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում վերանորոգվել է գյուղի մանկապարտեզը՝ թույլ տալով կրկնապատկել մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը, բացի այդ, ընդհանուր առմամբ 4տ տարողությամբ ջրային տարաների տեղադրման միջոցով լուծվել է մանկապարտեզի խմելու ջրի խնդիրը: Խմելու ջրի մատակարարումը վերականգնվել է նաև համայնքի դպրոցի սաների համար: 5 կմ երկարությամբ նոր ջրատար խողովակը և գյուղում տեղադրված ջրի կուտակման և վերաբաշխման սարքերը լուծել են նաև խմելու ջրի խնդիրը գյուղի բնակիչների համար:

 

Ծրագրի շրջանակներում ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են ուղղվել Պառավաքարի, ինչպես նաև հարևան Վարագավան և Վերին Ծաղկավան համայնքների' ընդհանուր հաշվով 3200 բնակիչներին սպասարկող բժշկական ամբուլատորիայի վերանորոգման համար: Մասնավորապես կառուցվել է ամբուլատորիայի բնականոն աշխատանքի համար կենսական կարևորություն ունեցող հոսող ջրի համակարգ ու կոյուղի, ամբուլատորիան հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով: Համայնքի երիտասարդ բնակիչների առօրյան ավելի բովանդակալից դարձնելու համար կառուցվել է ֆուտբոլի խաղահրապարակ:

 

«Orange հիմնադրամը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել գյուղական համայնքերի, հատկապես սահմանամերձ գյուղերի, առօրյա խնդիրները: Մեծապես տպավորված ենք սահմանից ընդամենը 2 կմ հեռավորության վրա գտնվող այս համայնքի բնակիչների ամենօրյա քաջությամբ, և մեր պարտքն ենք համարում նպաստել նրանց առօրյա կյանքն ավելի բարեկեցիկ և մի փոքր դյուրին դարձնելու գործին»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

 

Նախագծի շրջանակներում նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացրել է «Շեն» բարեգործական կազմակերպությունը, համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ՝ Orange Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: