ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը միասնական թեկնածուի գաղափարին կմիանա միայն այն ժամանակ, երբ Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են՝ ընտրություններից հետո պաշտոն չեն ստանալու և Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում նրան չեն շնորհավորելու:

«Մենք, մինչև Պարույր Հայրիկյանի վրա կրակելը ստորագրել ենք մի թուղթ, որով պահանջում էինք իշխանությունից կախել այն մարդկանց ցուցակները, ովքեր Հայաստանում մշտական բնակություն չունեն: Սակայն նրանք չհարգեցին մեր պահանջը և չկատարեցին: Սա նշանակում է, որ արդար ընտրություններ չեն կարող լինել: Ես արդեն հայտարարել եմ, որ ընդդիմություն եմ, իսկ իրենք՝ ոչ»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանն ընդգծեց, որ իրենց եռյակի հանդիպումների ժամանակ իրենք քննարկել են միասնական թեկնածուի հարցը, սակայն պայմանավորվել էին դեռևս չբարձրաձայնել դրա մասին:

«Պայմանավորվածությունը խախտվեց: Պարույր Հայրիկյանը ցանկացավ ավելի լավը երևալ: Բայց ես Պարույրին շատ հստակ պատասխանել եմ, որ, ի վերջո, եթե դու ազնիվ ես, հանիր թեկնածությունդ, և սա կլիներ տղամարդու արարք: Ինքդ հանիր և օրինակ ցույց տուր մյուսներին»,- ասաց նա և ավելացրեց, որ վստահ չէ, թե Պարույր Հայրիկյանը չի համագործակցում իշխանությունների հետ:

Հարցին, թե երեք նախագահի թեկնածուների հանդիպման ժամանակ միասնական թեկնածուի շուրջ քննարկումներում, ի վերջո, ում են տվել նախապատվությունը, Հրանտ Բագրատյանը նշեց, որ ֆավորիտի հարցի քննարկմանը դեռ չէին հասել:

Վերջում Հրանտ Բագրատյանն ընդգծեց, որ ինքն իրեն համարում է միակ ընդդիմություն: