ՀՅԴ-ի համար ընդունելի և հասկանալի է նույնականացման քարտերով քվեարկելու օրենսդրական նախաձեռնության նպատակը:

 

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք հասկանում ենք, որ առաջիկայում շատ կարևոր հանրաքվե ունենք, որից կախված է մեր երկրի ապագան, քանի որ մենք արմատապես փոխում ենք կառավարման համակարգը: Ուստի մենք իրավունք չունենք որևէ մեկին անմասն թողնել այս կարևոր գործընթացից: Այսօր շուրջ 182 հազար քաղաքացի ունի միայն նույնականացման քարտ, իսկ գործող օրենսդրությամբ նույնականացման քարտերով քվեարկության մասնակցելը չի թույլատրվում: Մենք պետք է լո ւծում տանք այս խնդրին, սակայն դա պետք է անենք քվեարկության նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխազնիմներ ներդնելու եղանակով»,- ընդգծեց Ռուստամյանը:

 

Ռուստամյանը հիշեցրեց, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը բարելավելու համար ՀՅԴ-ն ներկայացրել է առաջարկներ, որոնք կարելի է ընդունել և քվեարկության նկատմամբ վստահությունը որոշակիորեն վերականգնել: «Օրինակ, նույն այդ մատները թանաքոտելու տարբերակին, որն առաջարկեցին տարբեր քաղաքական ուժեր, մենք կողմ ենք: Մեծամասնությունն ասում է, որ դա վերահսկողության այնքան էլ արդյունավետ տարբերակ չէ, սակայն եթե դա կարող է որոշակիորեն բարձրացնել վստահությունը քվեարկության նկատմամբ, ապա մենք պետք է դա ընդունենք և առաջ շարժվենք: Միգուցե, դա այնքան էլ արդյունավետ եղանակ չէ, ինչպես պնդում են մեծամասնության ներկայացուցիչները, սակայն դա այս պահին այնքան էլ կարևոր չէ, որքան քվեարկության նկատմամբ վստահության բարձրացումը»,- եզրափակեց Ռուստամյանը:

 

Պատգամավորը հույս հայտնեց, որ առաջիկայում քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել այն ճանապարհը, որով հնարավոր կլինի կարգավորել խնդիրը և առաջ շարժվել: