ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ամուսիններին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

Նախնական տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցում՝ թիվ 69/5 հասցեի դիմաց, Հ.Գևորգյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ Գայանե Մադաթյանին և Մհեր Մկրտումյանին, որի հետևանքով վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Թիվ 1 համալսարանական» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

 

 

2015թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16:55-ին, Մհեր Մկրտումյանը, գիտակցության չգալով, մահացել է:

 

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2015թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

 

Դեռևս նյութերի նախապատրաստման ընթացում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ստուգվել է վարորդի սթափությունը և պարզվել է, որ նա դեպքի պահին եղել սթափ:

 

 

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ։