Եգիպտոսում աղետի ենթարկված A321 ինքնաթիռը կործանվել է օդում, բայց աղետի պատճառների մասին եզրակացություններ անելն առայժմ վաղ է, լրագրողներին հայտնել է Միջազգային ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն հանրանավի կործանման վայրի զննումից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

«Առայժմ վաղ է խոսել եզրակացությունների մասին: Կործանումը տեղի է ունեցել օդում, և բեկորները ցրիվ են եկել մեծ տարածության վրա (շուրջ 20 քառակուսի կիլոմետր)»,- ասել է նա:

 

Ավելի վաղ միջազգային հանձնաժողովը, որը բաղկացած է ռուսաստանցի, ֆրանսիացի և եգիպտացի մասնագետներից, Կահիրեում ձեռնամուխ է եղել «սև արկղի» բովանդակության ուսումնասիրմանը, որը գտնվել է հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Սինայի թերակղզում աղետի ենթարկված Airbus A321 ինքնաթիռի օդաչուների խցիկում: Մինչ այդ Եգիպտոսի և Ռուսաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ առայժմ շատ վաղ է խոսել աղետի պատճառների մասին:

 

Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, որի զինյալները Սինայի թերակղզում արդեն մի քանի տարի կռվում են կառավարական ուժերի դեմ, ստանձնել է ռուսական հանրանավի կործանման պատասխանատվությունը: Բայց Ռուսաստանի և Եգիպտոսի իշխանությունները գրեթե անմիջապես այդ պնդումները համարել են անհավաստի:

 

Boeing ընկերության ավիացիոն անվտանգության հարցերի գծով ինժեներ Թոդ Քերտիսն Associated Press գործակալությանը պատմել է, որ A321-ի նման ինքնաթիռներն օդում կործանվում են ամենից հաճախ երեք պատճառներից մեկով. աղետալի եղանակային պայմաններ, բախում օդում կամ արտաքին ներգործություն, ինչպիսին հրթիռն է:

 

Եթե այս երեք պատճառներից ոչ մեկի նշանները չկան, հետաքննությունն ուսումնասիրում է այլ հնարավորություններ. ինչպիսիք են հրդեհն ինքնաթիռում կամ վերջինիս հենամարմնի կոռոզիան: