Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական համագործակցության, բարձր մակարդակի երկկողմ համագործակցության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման, առևտրատնտեսական համագործակցության խնդիրները:

 

Բացի այդ, երկու երկրի նախագահները պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել Անթալիայում «Քսանի խմբի» գագաթաժողովի շրջանակներում:

 

«Պուտինն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ՝ Վիեննայում հոկտեմբերի 30-ին «Աջակցման խմբի» նախարարական հանդիպման արդյունքների ֆոնին»,- հաղորդել է մամուլի ծառայությունը:

 

Պուտինը շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի առթիվ: Իր հերթին Էրդողանը ցավակցություններ է հայտնել Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման կապակցությամբ: