Ազգային ժողովում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոները մտահոգություն հայտնեցին, որ քննարկմանը չի ներկայացել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, դիմելով ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանին, նշեց, որ բյուջեի քննարկումների ընթացքում Ազգային ժողով պետք է ներկայանա համապատասխան գերատեսչության ղեկավարը: «Ես պետք է նշեմ, որ մեր հանձնաժողովը միշտ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունը: Մենք միշտ բարյացակամ վերաբերմունք ենք ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նկատմամբ, աջակցել ենք տարբեր հարցերում, մասնակցել ենք նրա հրավիրած բոլոր քննարկումներին: Պետք է նշեմ, որ ձեզ էլ պետք է Ազգային ժողովը, որպեսզի լրացնեք այն օրենսդրական բացերը, որ կան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Եվ այս առումով մենք կարևորում ենք, որպեսզի նման կարևոր քննարկումներին ներկայանա Մարդու իրավունքների պաշտպանը: Սա օրիորդաց վարժարան չէ, որ ինչ-որ բանից նեղանան և չգան: Ես խնդրում եմ փոխանցեք, որ տարվա մեջ այդ երեք անգամը, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներկայանա, Ազգային ժողով, թող ինքն անձամբ գա: Հակառակ դեպքում, ստացվում է, որ դուք չեք հարգում Ազգային ժողովը»,- ասաց Արզումանյանը:

 

Ալեքսանդր Արզումանյանի մտահոգությանը միացավ նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: «Ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ մեր համագործակցությունը պետք է լինի պատշաճ մակարդակի, իսկ այս քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպանի բացակայությունը մտածելու տեղիք է տալիս՝ արդյոք այդ համագործակցությունը պատշա՞ճ մակարդակի վրա է: Ես պետք է ասեմ, որ նիստից առաջ մենք համաձայնություն ձեռք չենք բերել, որ Կարեն Անդրեասյանն այս նիստին չի մասնակցելու: Մենք պահանջում ենք հարգանք Ազգային ժողովի նկատմամբ, և դա վերաբերում է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին»,- եզրափակեց Վարդանյանը:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը պատասխանեց, որ քննարկմանը ինքն է ներկայացել, քանի որ քննարկվելու են ֆինանսատնտեսական հարցեր: «Քանի որ քննարկվելու էին ֆինանսատնտեսական հարցեր, որոշում է կայացվել, որ ես ներկայանամ այս քննարկմանը: Խնդրում եմ Մարդու իրավունքների պաշտպանի բացակայությունը մի որակեք որպես Ազգային ժողովի նկատմամբ հարգանքի բացակայություն: Մեր աշխատակազմը խոր հարգանք է տածում Ազգային ժողովի նկատմամբ և մեծապես կարևորում է օրենսդիրի հետ համագործակցությունը»,- ընդգծեց Արեյանը: