Կառավարությունը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով մահացածների ընտանիքներին մեկ միլիոն դրամից ավելի գումար կտրամադրի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

 

«Այսօր ես կարող եմ մոտավոր թվեր ասել, որովհետև այսօր նիստ եմ հրավիրել, և նիստը վերջնական որոշում կկայացնի, թե հստակ որքան գումար կհատկացնենք: Մահացածների ընտանիքներին յուրաքանչյուրին մեկ միլիոն դրամից ավելի գումար կտանք, իսկ տուժածներին՝ երևի թե մինչև մեկ միլիոն դրամ»,- ասաց նախարար ու ավելացրեց՝ մնացած ծախսերը ևս կառավարությունը վերցրել է իր վրա։

 

Հարցին՝ ի վերջո ո՞ւմ վրա է ընկնում այդ վթարի պատասխանատվությունը, Գագիկ Բեգլարյանը խորհուրդ տվեց սպասել քննության արդյունքներին, որից հետո էլ ամեն ինչ պարզ կլինի:

 

«Մենք՝ որպես պետություն, պետք է անպայման մեր համաքաղաքացիներին օգնենք, հասնենք իրենց դժվար պահին, կարողանանք ամեն ինչով լինել իրենց կողքին, ինչը մենք արեցինք։ Իսկ թե վթարի համար ով կկրի պատասխանատվություն, քննությունից հետո պարզ կլինի»,- եզրափակեց Գագիկ Բեգլարյանը: