Իսպանական Կատալոնիայի անկախության վերաբերյալ բանաձևը «հետևանքներ չի ունենա»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը:

 

 

Վարչապետը նաև խոստացել է այս որոշումը բողոքարկել Սահմանադրական դատարանում: Բացի այդ, Ռախոյը նշել է, որ Կատալոնիայի հարցն արդեն քննարկել է ընդդիմադիր «Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Պեդրո Սանչեսի հետ, որի հետ նրանք պայմանավորվել են հանդիպում անցկացնել նոյեմբերի 10-ին:

 

 

Ինչպես արդեն հաղորդվել է, Կատալոնիայի խորհրդարանը նոյեմբերի 9-ի նիստում ընդունել է բանաձև, որը հռչակում է «կառավարման հանրապետական ձևով անկախ պետության ստեղծման գործընթացի սկսվելը»:

 

 

Բանաձևի օգտին, որը բաղկացած է ինը հոդվածից, քվեարկել են «Միասին «այո»-ի օգտին» կոալիցիայի և «Ժողովրդական միասնության թեկնածություն» կուսակցության պատգամավորները, որոնք օրենսդիր մարմնում ունեն բացարձակ մեծամասնություն՝ 72 մանդատ՝ 135-ից:

 

 

«Անկախության ձեռքբերման գործընթացը» ենթադրում է ձևավորել կառավարություն, պետական այլ կառույցներ և մշակել Սահմանադրություն: Նոր Սահմանադրության ընդունումից հետո անկախությունը կհռչակվի պաշտոնապես: Այս ամենը, Իսպանիայից տարածաշրջանի անջատման կողմնակիցների հաշվարկներով, կպահանջի շուրջ 18 ամիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: