«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.





***

Բագրատունյաց պողոտայում բախվել են «BMW»-ն և տաքսին. տաքսու վարորդի վիճակը ծանր կայուն է


Նոյեմբերի 8-ին, ժամը 21.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի և Ս.Տարոնցի փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 08CC909 պ/հ (վարորդ՝ Հ. Լ., ծնվ. 1988թ.) և «Լոգան» տաքսի ծառայությանը պատկանող «ԿԻԱ» մակնիշի Լ3064 պ/հ (վարորդ՝ Ռ. Ն., ծնվ. 1965թ.) ավտոմեքենաները, այնուհետև վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Բագրատունյաց պողոտայի թիվ 32 հասցեում գտնվող թիվ 18 հիմնական դպրոցի պատին: Ռ.Ն.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր կայուն:

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները և կատարել են վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

***

 

Տուլայում ավտովթարից տուժածների առողջական վիճակը կայունացել է

 

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում նոյեմբերի 9-ի դրությամբ բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած հինգ քաղաքացի, որոնցից երեքը' վերակենդանացման բաժանմունքում:

 

 

 

Ինչպես MediaMAll.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Մյուս հիվանդների առողջական վիճակը կայունացել է, առկա է դրական տեղաշարժ: Տուժածներից մեկն ունի կոնքի ոսկրերի և անրակի կոտրվածքներ: Նրան այսօր կվիրահատեն:

 

 

 

Շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացած մյուս տուժածներն առողջացումով դուրս են գրվել:

 

 

 

Վթարից տուժած մեկ քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում: Եվս երկու հիվանդ նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:

 

 

 

Նոյեմբերի 9-ի տվյալներով, ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում է ստանում վթարից տուժած 2 քաղաքացի:

 

***



The Sunday Times-ը նշել է A321 օդանավում պայթյունի ենթադրյալ կազմակերպչի անունը

 

Եգիպտոսում կործանված ռուսական Airbus A321 մարդատար ինքնաթիռում պայթյունի հնարավոր կազմակերպիչը «Սինայի վիլայաթ» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Ուսամա ալ Մասրին է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Sunday Times բրիտանական թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

 

 

Ինչպես պնդում է հրատարակությունը, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատել են այս տեղեկատվությունը և հայտարարել այդ ահաբեկչին բռնելու կամ վերացնելու գործը կազմակերպելու հարցում Ռուսաստանին կամ Եգիպտոսին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: Այն դեպքում, եթե նման քայլ ձեռնարկվի, Լոնդոնն այդ գործողությանը մասնակից կդարձնի Հատուկ օդային ծառայության (SAS) բրիտանացի աշխատակիցներին:

 

 

Թերթի տվյալներով՝ Ուսամա ալ Մասրին եգիպտոսցի հոգևորական է, որն ուսում է առել «Ալ Ազհար» մուսուլմանական հոգևոր համալսարանում:

 

 

Բրիտանական հետախուզության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ռումբն օդանավ է մտցրել «Սինայի վիլայաթ» խմբավորման անդամներից մեկը, որն աշխատում էր օդանավակայանում: Լոնդոնում զգուշանում են, որ նա մինչ այժմ ազատության մեջ է:

 

***

 

Ադրբեջանական կողմը հանգստյան օրերին Արցախի ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգստյան օրերին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

 

 

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

***


Աշխարհահռչակ «Նիլսեն Ադմոսֆեր»-ի ներկայացուցիչ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը բացառիկ կարգով կիրականացնի հայաստանյան հեռուստալսարանի չափումները (տեսանյութ)


2016թ. հունվարի 1-ից հայաստանյան մեդիա ոլորտում իր գործունեությունն է սկսելու հեռուստալսարանի չափումներ իրականացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը, որը կլինի հեղինակավոր «Նիլսեն Ադմոսֆեր»-ի հայաստանյան ներկայացուցիչը: Այս մասին հայտնի դարձավ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության ներկայացման միջոցառմանը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին՝ Երևանում: Նշենք, որ «Նիլսեն Ադմոսֆեր»ընկերությունն ընդգրկված էաշխարհահռչակ «Նիլսեն Գրուպ»-ի կազմում, որը գրանցած արդյունքներով և ցուցանիշներով համաշխարհային առաջատարն է հեռուստալսարանի չափումներ իրականացնող ընկերությունների շարքում:

 

 

 

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կառավարող գործընկեր Արման Վարդանյանը, ով նաև «Նիլսեն Ադմոսֆեր» միջազգային հեղինակավոր ընկերության՝ Արևելյան Եվրոպայի գծով խորհրդատուն է, խոսելով Հայաստանում հեռուստալսարանի չափումներ կատարող ընկերությունների, ոլորտի ձևավորման, կայացման և զարգացման հեռանկարների մասին:

 

 

 

«2003թ. Հայաստանում հեռուստալսարանի չափումներ կատարող ընկերության հիմնումը հեղափոխական քայլ էր այս ոլորտի համար. դա տեղի ունեցավ Վրաստանի հետ զուգահեռ, իսկ Ադրբեջանում հեռուստալսարանի չափումներն անհամեմատ ավելի ուշ սկսվեցին: Այդ ընկերության շնորհիվ հայաստանյան գովազդային շուկան համալրվեց միջազգային մի շարք ապրանքանիշներով և շուկան մեծ քայլ կատարեց դեպի առաջ։

 

 

 

2007թ. Հայաստանում մեր կողմից հիմնադրվեց «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունը, որն աշխատում էր եվրոպական խոշորագույն հետազոտական ընկերության՝ GFK-ի արտոնագրով: 2007թ. մենք դարձանք 70 երկրում գործող, մեդիաուսումնասիրություններ իրականացնող շուրջ 130 ընկերություններից բաղկացած ընտանիքի լիարժեք անդամ:

 

 

 

Ինչպես տեղյակ եք, 2016թ. Հայաստանում դադարեցվելու է անալոգային հեռարձակումը: Այդ պատճառով մենք նոր կապեր հաստատեցինք ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հետ՝տեխնիկական վերազինում իրականացնելու նպատակով»,- նշեց Արման Վարդանյանը և հավելեց,- «փորձը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ չկա հեղինակավոր հեռուստաչափող ընկերություն, միջազգային ընկերությունների գովազդային բյուջեները հատկացվում են լավագույն դեպքումմնացորդային սկզբունքով, իսկ վատագույն դեպքում ընդհանրապես չեն հատկացվում»։

 

 

 

«Նիլսոն Ադմոսֆեր» ընկերության խորհրդի նախագահ Թերեզա Շիմեչկովան նշեց, որ ուրախ է համագործակցության համար և բարձր է գնահատում հայաստանյան մեդիա շուկայի պատրաստականությունը՝ նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից լիովին օգտվելու առումով:

 

 

 

«Նիլսոն Ադմոսֆեր» ընկերության խորհրդի փոխնախագահ Միխալ Յորդանն էլ իր հերթին հայտնեց, որ իրենք աշխատում են աշխարհի մեծ թվով երկրներում և կարևորում են հատկապես Հայաստանում իրենց ներկայացվածության փաստը:

 

 

 

«Ադմոսֆեր Արմենիա» ընկերության տնային տնտեսությունների ուսումնասիրության բաժնի ղեկավար Բագրատ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջազգային մեթոդաբանության չափորոշիչներով ընտրված 350 տնային տնտեսություններում տեղադրված հեռուսացույցներին կցվելու են չափիչ սարքեր, որոնք հնարավորություն կտան ամենօրյա ռեժիմով ստանալ տեղեկատվություն՝ տարբեր սեռի, տարիքի, կրթության և այլ սոցիալ-տնտեսական բնութագրիչներով օժտված անհատների և տնային տնտեսությունների մասին:

 

 

 

IPM անկախ հետազոտական ընկերությունը ներկայացրեց 2015թ. անցկացված հիմնադիր ուսումնասիրության տվյալները, որոնց հիման վրա ձևավորվելու է հեռուստալսարանի ուսումնասիրության ընտրանքը:

 

 

 

Այնուհետև տեղի ունեցավ ակտիվ քննարկում՝ նոր տեխնոլոգիաների մեթոդաբանության և վերլուծական գործիքների վերաբերյալ:

 

 

 

Տեսանյութը` Արմենիա TV