ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին MediaMAll.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

 

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

 

Ըստ նախագծի նախատեսվում է.

 

Վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրել 1 մլն 500 հազար ՀՀ դրամ։

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ։

 

Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։

 

Նշվեց, որ որոշման նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի Կառավարության առաջիկա նիստում։ Գումարը տուժածներին կտրամադրվի Կառավարության որոշման հաստատումից հետո։

 

Հանձնաժողովի նիստում ներկայացվեց տեղեկություն իրականացված աշխատանքների, և բուժումը շարունակող հիվանդների վիճակի մասին։