Եռասերունդ երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իր անունից ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ցավակցում է Ֆրանսիայի Հանրապետությանն ու Ֆրանսիայի ժողովրդին այս գիշեր Փարիզում տեղի ունեցած խոշորամասշտաբ ահաբեկչության առիթով, որին զոհ են գնացել մի քանի հարյուր անմեղ մարդիկ, հարյուրավորներն էլ վիրավորումներ են ստացել։

 

Ցավակցելով ֆրանսիացիներին եւ անբողջ աշխարհի բարի կամքի տեր մարդկանց՝ նաեւ խստորեն դատապարտում ենք կատարվածը։ Չկա՛ աշխարհում որեւէ գաղափար, հանուն որի կարելի է գնալ այսպիսի ստոր միջոցների։ Եթե այս ոճիրի հեղինակները պնդում են, թե իբր իրենք գաղափարապաշտ են, թե իբր իրենք հանուն ինչ-ինչ գաղափարների, հանուն արդարության են գործում, ապա ինչո՞ւ իրենց ահաբեկման, իրենց գործողությունների թիրախ չեն դարձնում հենց այն մարդկանց, որոնց գործողություններն իրենք համարում են անարդար։ Մի՞ թե արդար է հարյուրավոր անմեղ մարդկանց գնդակահարելը, մի՞թե արդարության հետ որեւէ աղերս ունի իրենց մշակութային հանգիստն անցկացնող խաղաղ մարդկանց զանգվածային սպանությունը։

 

Գաղափարականության քողի ներքո թաքնված այս ոճրագործները պետք է գիտակցեն, որ իրենք Աստծո դեմ են գործել, որ իրենք Աստծո արդար պատժին են արժանանալու։ Հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելը չի կարող անպատիժ մնալ։ Փարիզում, Ֆրանսիայի այլ քաղաքներում ազատորեն գործում եւ Ֆրանսիա ու Հայաստան պետություններին նպաստ են բերում ԵԿՄ ներկայացուցչությունները։ Կատարվածի վերաբերյալ փոխանցում եմ նաեւ Ֆրանսիայի հայ երկրապահ կամավորականների ցավակցությունը։

 

Ահաբեկիչը, ոճրագործը, չարագործն ազգություն չունեն։ Այդ տականքները միեւնույնն են ողջ աշխարհում։ Անմեղ ֆրանսիացիներին գնդակահարած տականքներին մենք չենք զանազանում այն նույն թուրք, ադրբեջանցի ոճրագործներից, որ շարունակ Հայաստանի, Արցախի սահմաններին միջադեպեր են հրահրում, որ խնդրի լուծման խաղաղ ճանապարհը թողած՝ միայն բռնության մասին են երազում, միայն ռազմական ուղիներ են որոնում։ Թուրք ազերիների այդ պահվածքին անընդհատ զոհ են գնում հայ եւ ադրբեջանցի անմեղ երիտասարդներ, ովքեր նոր են ոտք դրել հասունություն, ովքեր երազանքներ ունեն, հայրենիքն ու աշխարհն առավել լավը, առավել արդար ու կատարյալ դարձնելու նպատակ ունեն։ Այս գիշեր Փարիզում կատարվածի վերաբերյալ փոխանցում եմ նաեւ Արցախյան պատերազմում զոհվածների, հաշմանդամ դարձածների մայրերի ցավակցությունը։ Ինքս էլ դիմում եմ ամեն տեսակ ոտնձգություններին զոհ գնացածների մայրերին՝ ներեք, եթե կարող եք։ Ներեք, որ դեռ աշխարհում չի գործում այն մեխանիզմը, որը թույլ կտար բացառելու նմանօրինակ ցավալի դեպքերը։

 

Երիցս ցավակցելով կատարվածի առիթով՝ համոզմունք եմ հայտնում, որ աշխարհի բարի կամքի տեր մարդիկ, անկախ ազգային պատկանելությունից, միասնական ուժերով կպայքարեն եւ արմատախիլ կանեն ահաբեկչություն կոչվող չարիքը։ Ինչպես սուրբ գրքում է ասվում. «Չար ծառը բարի պտուղ տալ չի կարող»։ Բոլորիս պարտքն ու պարտականությունն է հիշելը, որ նպատակը չի արդարացնում միջոցները։ Միջոցները պետք է լինեն նույնքան ազնիվ ու արդար, նույնքան վեհ, գեղեցիկ, ինչպիսին նպատակն է, ինչպիսին մեր դավանած գաղափարներն են։