«Կարծում եմ՝ սա այն իրավիճակն է, որը չի կարելի համարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներքին հարց»: Այս մասին Ազգային ժողովում՝ ի պատասխան Գալուստ Սահակյանի այն խոսքերի, թե ինքը տեղեկացված է, ԵԽԽՎ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

 

«Ես համաձայն եմ, որ կարիք չկա վհուկների որս սկսելու, բայց երկու հարցի վերաբերյալ Ազգային ժողովը և հանրությունը պետք է շատ հստակ պատասխաններ ստանան: Առաջին՝ որքանո՞վ է ԵԽԽՎ-ում արդյունավետ աշխատել հայաստանյան պատվիրակությունը՝ որպես ամբողջություն և այդ պատվիրակության ամդաներից յուրաքանչյուրն առանձին-առանձին: Եվ երկրորդ՝ որքանով են Արտգործնախարարությունն ու պատվիրակությունն այս հարցում համագործակցել իրար հետ և համագործակցե՞լ են արդյոք»,- հարցրեց Փաշինյանը:

 

Պատգամավորը մտավախություն հայտնեց, որ մեր արտաքին քաղաքական ձախողումները մենք կապում ենք Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետ:

 

«Այս մեկնաբանությունից զերծ չեն բազմաթիվ քաղաքական գործիչներ: Այս կապակցությամբ այլ բան ասել չի լինում՝ եթե խավիարն այդքան զորեղ բան է, գուցե չարժե՞ պատվիրակություն ուղարկել ընդհանրապես, պատվիրակության ծախսերի փողով գուցե խավիար գնենք և ուղարկենք ԵԽԽՎ»,- ասաց Փաշինյանը: 

 

Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը նշեց. «Պատվիրակության առանձին անդամներ կպատասխանեն Ձեր հարցին և հետո՝ խավիարը այս դեպքում չի կարելի որդեգրել որպես հաղթանակի միջոց, ոչ էլ պարտության միջոց, առանց էդ էլ մենք չենք կարողանում օգտվել էդ խավիարից, օդի մեջ խոսում ենք»: