Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Սյունյաց աշխարհի Կապան քաղաքի 6-րդ դպրոցում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբի հիմնադրման մեկամյակի կապակցությամբ: Սա հիրավի անչափ կարեւոր իրադարձություն է, քանզի, ինչպես մեծն Նժդեհն էր ասում՝ պատանի, երիտասարդ սերունդներից է կախված ազգի ապագան: Շարունակելով Նժդեհի միտքը՝ հայ ազգի հզորագույն զավակներից Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր ազգի պատմությանը, պետք է իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս եւ ուր է գնում՝ ինչ առաքելություն ունի:

 

«Պատանի երկրապահ» կառույցի ձեւավորումն ու ամրապնդումը Սպարապետի իղձի իրականացում է: Հրամանատարասերժանտական դասընթացների կազմակերպումն ու անցկացումը, Հանրապետության բոլոր դպրոցներում «Պատանի երկրապահ» ակումբների կայացումը ճիշտ մտածված ռազմավարություն է, որ նպաստելու է հզոր Հայաստանի, բարեկեցիկ եւ պաշտպանված Արցախի կայացմանը: Այո՛: Հենց Երկրապահի շարքերում ռազմահայրենասիրական դաստիարակություն ստացող տղաներն ու աղջիկներն են վաղվա ուժեղ Հայաստանն ու բարեկեցիկ Արցախը: Մեր կառույցում թրծվող երեխաները դառնում են Հայաստան պետության լիարժեք քաղաքացի, որ ցանկացած վայրկյան պատրաստ են պաշտպանել սրբությունները՝ ընտանիքը, հայրենիքը, Աստծուն: Այս երեխաների համար վերեւում Աստված է, ներքեւում՝ մայրը, իսկ առջեւում՝ անկախ պետականությունը:

 

Բնական է, որ ԵԿՄ-ի, պաշտպանության եւ կրթության նախարարությունների միջեւ գործակցության եռակողմ հուշագրի ստորագրումից հետո առաջին դպրոցական հայրենասիրական ակումբներից մեկը հենց Սյունիքում հիմնվեց՝ հենց Կապանում: Կապանի բնակչությունը միշտ էլ աչքի է ընկել արիական, հերոսական կեցվածքով: Մի՛ կասկածեք՝ հերոսականություն է նաեւ վաղվա Հայաստանի համար զորեղ կադրեր պատրաստելը: Ես շատ լավ եմ ճանաչում կապանցուն, ինձ քաջ հայտնի է կապանցու հայրենանվեր ոգին: Անձամբ ես 1990-ականների սկսզբին ջոկատով 45 օր վերահսկողություն եմ սահմանել Կապան-Գորիս ավտոճանապարհին: 1995-ից պատիվ եմ ունեցել լինելու կապանցիների եւ 5-րդ բրիգադի միասնական ռազմական կառույցի ղեկավարը, իսկ 1997-2000 թվականներին եղել եմ Սյունիքում տեղակայված բանակային կորպուսի հրամանատար: Ես, որպես Սյունիքի մարզի եւ Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի, հպարտ եմ, որ այսօրվա կապանցիները մեր հերոս տղաների գործի շարունակողն ու ջահակիրն են: Այս գեղեցիկ օրվա կապակցությամբ ես շնորհավորում եմ կապանի թիվ 6 դպրոցի տնօրինությանը, շնորհավորում եմ կապանցիներին, մարզպետարանին, ամբողջ Սյունիքի բնակչությանն ու միասնական հայ ժողովրդին: Ես շնորհավորում եմ երկրապահ հայ ազգին, մեր գործընկեր կառույցների ներկայացուցիչներին՝ հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորներին, պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարություններին, ոստիկանությանը, կադաստրին: Սրանք այն կառույցներն են, որոնց մասնագետներն ակտիվորեն ներգրավված են պատանի երկրապահների ուսուցման ծրագրերում: Ես շնորհավորում եմ նաեւ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին, ում գործուն միջամտությամբ պատանի երկրապահները պետական ճանաչում ստացան եւ ում շարունակական աջակցությամբ պատանի երկրապահների բոլոր հիմնախնդիրները դրական լուծում են ստանում:

 

Շնորհավորանքներս ամենքիս եւ հաջողություններ մեր հետագա ծրագրերին:

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան