«Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից 2015թ-ի նոյեմբերի 18-ին' ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ գործարանի մոտակայքում հայտնաբերվել է արական սեռի դիակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Երևան-Գյումրի ավտոճանապարհի ձախ հատվածում՝ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի վարչական տարածքում, «Աշտարակ կաթ» գործարանից 2 կմ հեռավորության վրա դեպի ձախ դաշտավայրում՝ խողովակաշարի մոտ, հայտնաբերել տղամարդու դի։ Արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ՝ դեմքի ձախ քունքային, աջ ականջի, որովայնի և թիկունքի հատվածում։ Դիակի ինքնությունը պարզվել է, ով Բյուրական գյուղի բնակիչ է՝ ծնված 1950թ.:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։

 

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, հնարավոր ականատես վկաների, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։