Վերջին օրերի ամենաշատ քննարկվող և հասարակություն մոտ ամենամեծ դժգոհություն առաջացրած թեմաներից մեկն է միայն ՀՀ գործադիր և դատական իշխանություններին սպասարկող՝ 1072 ծառայողական մեքենաների առկայությունը: Իսկապես որ, սա աննորմալ թիվ է Հայաստանի նման ոչ հարուստ երկրի համար, որտեղ կառավարությունը նույնիսկ «ի վիճակի չէ» գալիք տարում մարդկանց աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել: Բայց քանի որ այս խնդիրն արդեն շատ է քննարկվել, ես ավելի շատ ուզում եմ ուշադրություն հրավիրել նույն խնդրին առնչվող մեկ այլ հարցի վրա. լավ, ենթադրենք՝ իշխանությունները գործի դնելով իրենց բոլոր մտավոր հնարքները՝ ամեն կերպ կարողանում են արդարացնել այդքան ավտոմեքենայի առկայությունը, յուրաքանչյուրի համար կարողանում են բացատրություն տալ և համոզել, որ 1072 մեքենան անհրաժեշտ, սակայն ինչո՞ւ այդ դեպքում հարց չի առաջանում տվյալ մեքենաների մակնիշների, մոդելների վերաբերյալ: Օրինակ, եթե նույն 1072 մեքենաները լինեին ոչ թե «Լեքսուսներ», «Մերսեդեսի», «Տոյոտայի», «Նիսսանի» կամ «Ֆոլցֆագենի» ավելի թանկարժեք մոդելներ, այլ լինեին, ասենք, «Օպել Աստրա» կամ «Ֆոկցֆագեն Գոլֆ» կամ «Մեքսիա Դեյվու» կամ «Լադա» մակնիշի էժան մեքենաներ, միանշանակ դա անհամեմատ ավելի էժան կնստեր, դրանց վրա արվող ծախսերը՝ անհամեմատ ավելի քիչ: Այնպես որ՝ ծախսերը հնարավոր էր զգալի կրճատել նույնիսկ 1072 մեքենա պահելու դեպքում, չնայած 1072-ն ամեն դեպքում աբսուրդային թիվ է:

 

Եվ վստահ եմ, որ ոչ մի պաշտոնյա առողջական խնդիրներ չէր ունենա «Օպել Աստրայով» երթևեկելու դեպքում, ոչ ոքի նստատեղը չէր վնասվի: Հավատացեք, համեստ մեքենաների մեջ էլ նորմալ նստել լինում է: Իսկ թանկարժեք մեքենայի սիրահարը կարող է այն գնել իր սեփական միջոցներով, այլ ոչ թե մեր մուծած հարկերի հաշվին:

 

Կարեն Վարդանյան