«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.




***


«Հետընթացի» և «նահանջի» բյուջե


2016-ի բյուջեին մեր որոշ իշխանավորներ, նաև իշխանական և ոչ իշխանական պատգամավորներ, տվել են «կրեատիվ» անվանումներ, ինչպես՝«պահպանողական» բյուջե, «կայունության» բյուջե: Հասկանալի է, որ խոսքն ազգային պահպանողականության մասին չէ, ոչ էլ երկրում արտաքին և ներքին քաղաքական իրավիճակի կայունության, այլ ընդամենը եղած սոցիալական վիճակը պահպանելու և կայուն պահելու մասին է: Հիմա տեսնենք, թե որքանո՞վ է գոնե եղածը պահպանվում: 2016-ին աշխատավարձեր ու թոշակներ չեն բարձրանալու՝ չնայած կառավարությունն ասում է, թե 2015-ը կվերջացնեն 4 տոկոս տնտեսական աճով: Սովորական ընթերցողը տնտեսագետ չէ և սովորական ընթերցողը պարտավոր չէ հասկանալ «տնտեսական աճ» ասվածի բոլոր մանրամասները. նա այդ արտահայտությունն ընկալում է ամենապարզ ձևով՝ լավանալո՞ւ են իր կյանքի պայմանները, թե՞ ոչ: Եթե լավանալու են, ուրեմն դա աճ է, եթե ոչ ուրմեն աճ չկա: Հիմա եթե աշխատավարձ ու թոշակ չի բարձրանալու, ընդհանուր գնանկում էլ չկա, ինչո՞վ պիտի լավանան մարդկանց կյանքի պայմանները: Իհարկե, ոչ մի բանով, հետևաբար աճի մասին այստեղ խոսելն անիմաստ է, թեկուզ 4-ի փոխարեն 44 գրեն կամ 444, դրանք կմնան լոկ թվեր:

 

 

Բայց դե, ինչպես արդեն հիշեցրել եմ վերևում, ըստ մեր պատգամավորների՝ սա «պահպանողական» և «կայունության» բյուջե է: Լավ, ընդունենք այդպես է և այս տարի գործ կունենաք միայն եղած վիճակը պահպանելու հետ: Սակայն դա էլ հնարավոր է այն դեպքում, եթե տարվա ընթացքում ընդհանրապես չի լինում գնաճ, ոչ մի ապրաքատեսակի գին չի բարձրանում, և այդ դեպքում ամեն ինչ մնում է նույնը: Իսկ թե ինչ տեմպերով են Հայաստանում բարձրանում տարբեր ապրանքատեսակների գները, կարծում եմ, կարիք չկա ևս մեկ անգամ ներկայացնելու, բավական է ընդամենը պարբերաբար խանութներ հաճախել, որպեսզի համոզվել, որ գնաճը մշտապես կա: Այսինքն՝ ստացվում է, որ պահպանողականության և կայունության մասին խոսելն էլ այստեղ անիմաստ է, որովհետև եթե մարդու եկամուտը մնում է նույնը, իսկ ապրանքների գները բարձրանում են, մարդու կյանքը դրանից միայն վատանում է: Հետևաբար՝ 2016-ի բյուջեն ոչ թե «պահպանողական» կամ «կայունության» բյուջե է, այլ «հետընթացի», «նահանջի» բյուջե, և ամենայն իրավմամբ կարելի է ասել, որ ներկա կառավարությունն ապահովում է երկրում հետընթաց, բնակչության սոցիալական վիճակի վատացում: Սա պետք է որ լուրջ մտածելու տեղիք տա ներկա կառավարության աշխատանքի որակը և արդյունավետությունը գնահատելիս:

 

 

Վերջում ուզում եմ հիշեցնել, որ ներկա կառավարության ձևավորման սկզբնական շրջանում կառավարության ղեկավարն ու մի շարք անդամներ ուղղակի կամ անուղղակի քննադատության էին ենթարկում նախկին վարչապետին և նախկին կառավարությանը՝ մի շարք անհաջողություններ վերագրելով նրանց: Բայց եկեք արդար լինենք ու չմոռանանք, թե Տիգրան Սարգսյանի օրոք քանի անգամ աշխատավարձերի և թոշակների բարձրացում տեղի ունեցավ: Թերություններն էլ ակնհայտ էին, բայց ես սա զուտ համեմատության կարգով եմ ասում:

Կարեն Վարդանյան



***


Պաշտոնյաների առողջությունն ու «Օպել Աստրան»



Վերջին օրերի ամենաշատ քննարկվող և հասարակություն մոտ ամենամեծ դժգոհություն առաջացրած թեմաներից մեկն է միայն ՀՀ գործադիր և դատական իշխանություններին սպասարկող՝ 1072 ծառայողական մեքենաների առկայությունը: Իսկապես որ, սա աննորմալ թիվ է Հայաստանի նման ոչ հարուստ երկրի համար, որտեղ կառավարությունը նույնիսկ «ի վիճակի չէ» գալիք տարում մարդկանց աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել: Բայց քանի որ այս խնդիրն արդեն շատ է քննարկվել, ես ավելի շատ ուզում եմ ուշադրություն հրավիրել նույն խնդրին առնչվող մեկ այլ հարցի վրա. լավ, ենթադրենք՝ իշխանությունները գործի դնելով իրենց բոլոր մտավոր հնարքները՝ ամեն կերպ կարողանում են արդարացնել այդքան ավտոմեքենայի առկայությունը, յուրաքանչյուրի համար կարողանում են բացատրություն տալ և համոզել, որ 1072 մեքենան անհրաժեշտ, սակայն ինչո՞ւ այդ դեպքում հարց չի առաջանում տվյալ մեքենաների մակնիշների, մոդելների վերաբերյալ: Օրինակ, եթե նույն 1072 մեքենաները լինեին ոչ թե «Լեքսուսներ», «Մերսեդեսի», «Տոյոտայի», «Նիսսանի» կամ «Ֆոլցֆագենի» ավելի թանկարժեք մոդելներ, այլ լինեին, ասենք, «Օպել Աստրա» կամ «Ֆոկցֆագեն Գոլֆ» կամ «Մեքսիա Դեյվու» կամ «Լադա» մակնիշի էժան մեքենաներ, միանշանակ դա անհամեմատ ավելի էժան կնստեր, դրանց վրա արվող ծախսերը՝ անհամեմատ ավելի քիչ: Այնպես որ՝ ծախսերը հնարավոր էր զգալի կրճատել նույնիսկ 1072 մեքենա պահելու դեպքում, չնայած 1072-ն ամեն դեպքում աբսուրդային թիվ է:

 

 

Եվ վստահ եմ, որ ոչ մի պաշտոնյա առողջական խնդիրներ չէր ունենա «Օպել Աստրայով» երթևեկելու դեպքում, ոչ ոքի նստատեղը չէր վնասվի: Հավատացեք, համեստ մեքենաների մեջ էլ նորմալ նստել լինում է: Իսկ թանկարժեք մեքենայի սիրահարը կարող է այն գնել իր սեփական միջոցներով, այլ ոչ թե մեր մուծած հարկերի հաշվին:

 

Կարեն Վարդանյան


***



Վահան Դիլանյանը նշանակվել է Հովիկ Աբրահամյանի օգնական



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այժմ նոր օգնական ունի. Վահան Դիլանյանը նշանակվել է վարչապետի օգնական:

 

 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վահան Դիլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»,- ասված է որոշման մեջ։

 

 

Նշենք, որ Վահե Դիլանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ասպիրանտուրան սովորել է կառավարման ակադեմիայում: Դասավանդել է, աշխատել է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում՝ որպես հանրային կապերի պատասխանատու, ինչպես նաև եղել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական: