Սահմանադրական փոփոխությունների նախագծում շատ հստակ մատնանշված են մեր երկրի և ժողովրդի առանձնահատկությունները: Եվրոպայի կողմից ոչ մի պահանջ չի եղել նախագիծը փոխելու վերաբերյալ: Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը այսպիսի համոզմունք հայտնեց «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը:

 

 

Տեղի դպրոցի ուսուցիչներից մեկը մտավախություն հայտնեց, թե Եվրոպական որոշ կառույցներ փորձում են ներարկել մեզ համար խորթ և անընդունելի արժեքներ և մենք շատ ենք տուրք տալիս արևմտյան արժեհամակարգին: «Մենք հայկական ընտանիքի հետ կապված սևով սպիտակի վրա գրել ենք, որ մեզ մոտ արգելվում է այն, ինչ այնտեղ' Եվրոպայում, թույլատրվում է»,-մանրամասնեց Թովմասյանը:

 

 

Ուսուցչի դիտարկմանը, թե Հայաստանը երբեմն ստիպված է լինում գնալ զիջումների հանուն Եվրոպայից ստացվող ֆինանսական աջակցության, Թովմասյանը պատասխանեց. «Դա ծայրահեղացված է: Սահմանադրությունը փոխելու հարցում բացարձակապես պահանջ չի եղել», հստակեցնելով, որ նման պահանջ եղել էր 2003թ-ին, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ, սակայն 2005թ-ի Սահմանադրությունը նրանց լիովին բավարարում էր: