Լիբանանի անվտանգության ուժերը նոր ահաբեկչական ցանց են բացահայտել, որը նախապատրաստել էր նոր պայթյուններ և հարձակումներ երկրի ողջ տարածքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ծայրահեղականները հանցակիցներ են ունեցել ռազմական և ուժային կառույցներում: «Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնում է, որ նրանք բոլորը ձերբակալված են:

 

Ահաբեկիչների «քնած բջիջներ»-ը հայտնաբերելու գործողությունը Լիբանանում սկսվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ին պայթյուններ եղան Բեյրութի Բուրջ էլ Բարաժնա արվարձանում գտնվող իմամ Հուսեյնի մզկիթի մոտ։ Ահաբեկչությունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ահաբեկչությանը զոհ է գնացել 46, վիրավորվել' 240 մարդ:

 

Ուժայինների գործողությունների արդյունքում Լիբանանի մայրաքաղաքում և այլ շրջաններում վերջին օրերին ձերբակալվել է 19 վտանգավոր հանցագործ։ Կանխարգելիչ միջոցները կանխել են ահաբեկիչների՝ Լիբանանի հյուսիսում «իսլամական էմիրաթ» ստեղծելու ծրագիրը։ Էմիրաթը պետք է ԻՊ-ին հավատարմության երդում տար։

 

Դիվերսիոն խմբերից մեկը պայթյուն էր նախապատրաստում Շեքայի թունելում, որով անցնում է Բեյրութ-Տրիպոլի ծովափնյա մայրուղին։ Եթե այդ մտադրությունն ի կատար ածվեր, Լիբանանի հյուսիսային շրջանները կկտրվեին երկրի մնացած մասից։

 

«Ան Նախար» թերթը հաղորդել է, որ ծարյարեհականներն ակտիվորեն իրենց շարքերն են ներգրավում դեռահասների։ Այսպես, զինվորականները ձերբակալել են մի 15-ամյա երիտասարդի, որի մոտ հայտաբերել են «շեհիդի գոտի»։ Նա պատրաստվում էր իրեն պայթեցնել Տրիպոլիի պահակակետի մոտ։

 

Անվտանգության միջոցներն ուժեղացվել են պաղեստինցի և սիրիացի փախստականների ճամբարների մոտ։ Նոյեմբերի 20-ին Բեքաայի հովտում ձերբակալվել է զինյալ խմբավորումների անդամ 20 սիրիացի, իսկ նոյեմբերի 21-ին Հերմելեի մոտ ձերբակալվել է 6 պաղեստինցի, որոնք փորձում էին Լիբանան անցնել Սիրիայից։

 

Էրսալում և Ռաս Բաալբեկում զինվորականները կրակի տակ են պահում մերձսահմանային տարածքում շարժվող զինյալների խմբերը և վնասներ պատճառում նրանց։ Էլ Կասրում արգելափակվել է սահմանային 6 անցում և պայթեցվել երկու երկիրը կապող կամուրջները։

 

Լիբանանում նոյեմբերի 22-ին տոնվող Անկախության օրվա նախօրեին երկրի բանակի հրամանատար Ժան Կահվաջին զինվորականներին կոչ է արել «պահպանել զգոնությունը և պատրաստ լինել «երկաթե բռունցքով» ջախջախել ահաբեկիչների՝ երկրում քաղաքացիական խաղաղությունը խաթարելու բոլոր փորձերը»։