Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:

 

«Առավոտյան իրերս հավաքել եմ, դրոշն իջեցված է, ես հեռանում եմ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն՝ թող գան ստուգեն», - հայտարարել է դեսպանը:

 

Ուկրաինական СorruptUA պարբերականը պարզել է, որ առանձնատունը ձևակերպված է Մարինա Ժուրավլյովայի անունով, ով Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի դաշնակից, ներկայումս այսպես կոչված մարկետինգային ծառայությունների սխեմաների քրեական գործով որպես կասկածյալ անցնող Վիկտոր Սիվեցի կինն է:

 

Ուկրաինական լրատվամիջոցի պնդմամբ՝ իր առանձնատունը հանձնելով Հայաստանի դեսպանին՝ դեռևս ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Սիվեցը այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից: Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր, որ ինքն այդ տունը վարձակալել է մինչև ուկրաինական հեղափոխությունը՝ 2013 թվականի սեպտեմբերին: Ավելին՝ դեսպանը պնդել էր, որ չի ճանաչում Սիվեցին և իր մտքով չի էլ անցել, թե վարձակալելով այդ շենքը ինչ-որ մեկի համար դիվանագիտական անձեռնմխելիություն է ապահովում:

 

Իրականում Հայաստանի դեսպանի ջղաձիգ հերքումներն ու շքեղ առանձնատունը լքելու փաստը հուշում են, որ Ուկրաինացի լրագրողների բերած փաստարկները մոտ են իրականությանը:

 

Նախ վաղուց է հայտնի, որ Ա. Մանուկյանը ջերմ հարաբերություններ ունի Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա շրջապատի հետ: Ուկրաինական հեղափոխության օրերին՝ Մանուկյանն իր մի հարցազրույցով պաշտպանության տակ առավ Յանուկովիչին՝ մոռանալով, որ ինքը ոչ թե Յանուկովիչի լոբբիստն է, այլ ՀՀ դեսպանը:

 

Այսօր էլ՝ Հայաստանի դեսպանը «պատահաբար» պատսպարում է Յանուկովիչի մերձավորին: Դժվար է հավատալ, որ Մանուկյանի վարքագծի հիմքում ոչ թե կոռուպցիան է, այլ՝ բարեգործությունը:

 

Մանուկյանը պնդում է, որ շքեղ առանձնատունը վարձել էր ոչ թե պետության, այլ իր միջոցներով: Սա ինքնին հուշում է, որ Մանուկյանը Ուկրաինայում սպասարկել է ոչ թե պետական, այլ՝ մասնավոր շահեր:

 

Սպասարկել է մասնավոր շահեր՝ օգտագործելով մեր պետության անունն ու դրոշը: Մանուկյանը Հայաստանի դեսպանատունը, հավանաբար, շփոթել է իր «Մետրոպոլ» հյուրանոցի հետ:

 

Ու Հայաստանի դիվանագիտությունը միշտ այսքան խղճուկ կլինի, քանի դեռ Հայաստանի դեսպան նշանակվում են քսակի հաշվին ու քսակը մեծացնելու նպատակով:

 


Սուրեն Սուրենյանց