Ռուսաստանը «մինչ լավագույն ժամանակները» պետք է դադարեցնի բոլոր միջպետական կապերը Թուրքիայի հետ' Սու-24-ը խոցելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը:

 

 

«Մի ակնթարթում քանդվեց այն ամենը, ինչ տարիներով մշակվել էր ռուս-թուրքական հարաբերություններում. վստահություն և գործընկերություն: Վերադարձավ անվստահությունը և թշնամությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է սենատորը: Նրա խոսքով' Թուրքիայի կողմից ներողություն խնդրելու հույսեր չկան և այժմ Մոսկվայում սպասում են հակաահաբեկչական գլոբալ կոալիցիայի հնարավոր գործընկերների արձագանքին: «Իսկ Թուրքիայի հետ բոլոր միջպետական կապերը, կարծում եմ, պետք է չեղյալ հայտարարել մինչ լավագույն ժամանակները»,- եզրափակել է Կոսաչևը:

 

 

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:

 

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:

 

 

«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել», -ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: