Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան կատարելիք այցը հնարավոր է չեղարկվի:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուր, որը նշել է, որ հարցը գտնվում է քննարկման փուլում:

 

Ավելի վաղ նշվել էր, որ Թուրքիայի նախագահի Ռուսաստան այցը ծրագրվել էր դեկտեմբերի 15-ին:

 

Ռուսաստանյան ԶԼՄ-ները երեկ հայտնել են, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել նոյեմբերի 25-ին Թուրքիա կատարելիք այցը:

 

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից և վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորությամբ: Երկու օդաչուներն էլ կատապուլտվելեն:

 

«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,- ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ:

 

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսաստանյան ինքնաթիռը ոչ մի կերպ չէր սպառնում Թուրքիայի Հանրապետությանը, և ընդգծել, որ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետևանքներ է ունենալու Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար»: