Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Նորաշեն գյուղի վարչական շրջանում, բախվել են Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ, 44-ամյա Գարեգին Բաբայանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ՍV 573 և Մարտունի քաղաքի բնակիչ, 56-ամյա Վահագն
Մխիթարյանի վարած «Կամազ» մակնիշի 402 ՍՏ 16 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սևանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Արկադի Գաբրիելյանը: Ժամանել են նաև ոստկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:

Մահացածին և վիրավորներին «Օպել Վեկտրա»-ի միջից դուրս են բերել գյուղացիները, ոստիկաններն ու Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածը Հրայր Դավթյանն է , ով աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Վթարի պատճառը եղել այն, որ «Օպել Վեկտրա»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Կամազ»-ին:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունն ու բնակության վայրը: