ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, իրավացիորեն դժգոհելով Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքից, պահանջեց աշխատանքից ազատել ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին: Պետք է ասեմ, որ Բագրատյանի քննադատությունը տեղին էր ու հիմնավորված, սակայն հետարքիր էր նրա պահանջը՝ ուղղված ԱԺ նախագահին. «էս մարդուն ես պահանջում եմ, որ պիտի ազատեք: Ում ուզում եք՝ բերեք»:

 

Այ հենց ամենահետաքրքիրն այդ «ում ուզում եք՝ բերեք»-ն էր: Ազատվելու պահը հասկանալի է. եթե վատ է աշխատում, եթե այդ վատ աշխատելն էլ պահանջողը հիմնավորում է, ուրեմն պահանջն էլ արդարացի է՝ պետք է ազատվել: Բայց, սովորաբար, վատ պաշտոնյայից ազատվում են ոչ թե ուղղակի ազատվելու համար, այլ որպեսզի նրա փոխարեն գա կոմպետենտ, աշխատող, լավ պաշտոնյա: Թե չէ «ում ուզում եք՝ բերեք»-ը ենթադրում է, որ, օրինակ, կարող են բերել էլ ավելի վատ աշխատողի: Այդ դեպքում ո՞րն է ներկա պետից ազատվելու իմաստը: Հետևաբար, պարոն Բագրատյանը նման պահանջ առաջ դնելիս պետք է նաև զուգահեռաբար հետևողական լինի և պահանջի, որ այդ ոլորտը կարգավորվի, որ այդ ոլորտը վստահեն որևէ լավ աշխատող մարդու: Այլապես պահանջն անիմաստ է, մանավանդ որ հենց նույն՝ «ում ուզում եք բերեք» սկզբունքով սկսած 90-ականներից, սկսած հենց Բագրատյանի վարչապետության տարիներից մինչ օրս միշտ էլ ում ուզել՝ բերել են և այսօր էլ ում ուզում՝ բերում են, դրա համար էլ երկիրն այս վիճակում է:

 

Կարեն Վարդանյան