Վիճակագրության ծառայության պետի պաշտոնն անշնորհակալներից մեկն է Հայաստանում: Այն, ըստ էության, նախարարական է, բայց հազիվ թե կարող է «յուղոտ» համարվել:

 

Հայաստանի իշխանությունը գենետիկորեն կեղծարար է. ձևավորվում է անարդար ընտրությունների միջոցով, իրական քաղաքականությամբ՝ տրամագծորեն հակադրվում է իր իսկ նախընտրակսն խոստումներին:

 

Երբ մեկի դեմքն այլանդակ է լինում, իմաստ ունի մտածել դեմքի մասին՝ ծուռ հայելու միջոցով իրականությունը քողարկելու փոխարեն: Բայց սա բնորոշ է նորմալ մարդկանց, իսկ Հայաստանի իշխանությունը՝ ԱՎԾ-ի դեմքով, ստեղծել է ծուռ հայելի՝ քողարկելու համար տնտեսության կործանումը, աղքատության իրական մասշտաբը, երկրաքանդ արտագաղթը:

 

Թերևս սա է պատճառը, որ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը հաճախ հայտնվում է համընդհանուր քննադատության թիրախում: Այս՝ ընդհանուր առմամբ, համեստ թվացող մարդուն ընդդիմությունը քննադատում է անխնա, որովհետև դա մի անշառ զբաղմունք է: Շարքային մարդն էլ՝ Մնացականյանին կարող է սրտանց հայհոյել, որովհետև դժվար է սոված նստել հեռուստաէկրանի առաջ ու լսել, թե թվերի մակարդակով ինչքան կուշտ ու ապահով է դարձել կյանքդ:

 

Երեկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խորհրդարանում «պատին էր սեղմել» Մնացականյանին՝ մասնագիտորեն ոչնչացնելով նրան:

 

Իրականում՝ Մնացականյանի միակ լուրջ մեղքն այն է, որ հարմարվող է ու համաձայնել է «ծուռ հայելի» լինել այս իշխանության համար:

 

«Ծուռ հայելին» փորձում է քողարկել, որ, օրինակ Հովիկ Աբրահամյանի անունն ասոցացվում է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ հենց կոռուպցիայի հետ: Ու սա իրական ու ոչ թե՝ մտացածին թվերի ուժով:

 

Բագրատյանը կամ գուցե այլ մեկն ուզում են կոտրել «ծուռ հայելին», որպեսզի բոլորին տեսանելի լինի գաղջ իրականությունը: Բայց դրանից իրականությունը դրախտային չի դառնա, որովհետև գործող համակարգի այլանդակության էպիկրիզը բոլորին է հայտնի: Համակարգը փոխել կամ բուժել է պետք, հակառակ դեպքում՝ «ծուռ հայելիները» պահանջարկված կլինեն ու, մենք բոլորս կսնվենք ոչ թե իրական, այլ ԱՎԾ-ի «նկարած» եկամտով՝ սոված փորով մեզ «չաղ ու բախտավոր» երևակայելով....

 

 

Սուրեն Սուրենյանց