Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի անձնակազմի ողջ մնացած անդամ Կոնստանտին Մուրախտինը հավաստիացրել է, որ ինքնաթիռը չէր կարող խախտել Թուրքիայի օդային տարածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Մուրախտինը շեշտել է, որ իրենք տարածքը գիտեին եւ չէին կարող նման սխալ գործել:

 

 

«Բացառվում է, որ անգամ մեկ վայրկյանով մենք խախտեինք Թուրքիայի օդային սահմանը: Հատկապես, որ մենք թռիչքը կատարել ենք 6000 մետր բարձրության վրա: Եղանակը պարզ էր: Գործողության ողջ ընթացքում, մինչ ինքնաթիռի պայթյունը, հրթիռներն ամբողջությամբ ղեկավարվել են: Ես դրանք շատ լավ տեսել եմ թե՛ քարտեզով, թե՛ տեղանքով' որտեղ ենք մենք, եւ որտեղ է սահմանը: Անգամ Թուրքիա մտնելու վերաբերյալ նախազգուշացում չի եղել»,- պատմել է Մուրախտինը:

 

 

Նա պատմել է, որ բազմիցս իրականացրել են ռազմական թռիչքներ եւ հինգ մատի պես գիտեին իրենց առաջադրանքը' կատարել ռազմական գործողություն եւ վերադառնալ ավիակայանատեղի: Մուրախտինը պատմել է նաեւ, որ թուրքական հրթիռը անականկալ կերպով է հարվածել ինքնաթիռին, եւ անձնակազմը չի ունեցել որեւէ հնարավորություն խուսափելու հարվածից: Ըստ ռուս օդաչուի, թուրքական կողմը որեւէ նախազգուշացում չի կատարել, ընդհանրապես թուրքական կողմի հետ որեւէ կապ չի եղել: