Նախապատրաստվելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային մրցափուլին «Շիրակն» 2016թ. առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հունվարի 30-ին՝ իր պատմության մեջ երկրորդ անգամ մրցելով ԱՄՆ-ի ամենահեղինակավոր թիմերից մեկի՝ «ԼԱ Գելաքսիի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա ՍտաբՀաբ կենտրոնում, Քարսոն, Քալիֆորնիա, ժամը 19:00 (Երևանյան ժամանակով, հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:00-ին)։ Ինչպես և նախորդ անգամ «Շիրակը» հանդիպումը կազմակերպման հարցում համագործակցում է Pangea Sports Management-ի հետ։ Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումը կայացել էր 2014թ. փետրվարի 8-ին։ Այդ ժամանակ ավելի ուժեղ գտնվեցին տանտերերը և հաղթեցին 2:1 հաշվով։ «Շիրակի» կազմում միակ գոլի հեղինակ էր դարձել իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։ Այդ հանդիպմանը ներկա էին ավելի քան 13000 հանդիսատես, որոնցից 10000-ը՝ հայ երկրպագուներ։

Նշենք, որ այժմ «ԼԱ Գելաքսիի» կազմում հադես են գալիս այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպես «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը, Ռոբի Քինը, Ջովանի Դոս Սանթոսը, ԱՄՆ-ի հավքանի խաղացողներ Գյազի Զարդեսը և Օմար Գոնսալեսը։