Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ այդպես էլ չսովորեց պատմությունից դասեր քաղել և անցյալի սխալները նորից չկրկնել: Պատմական այսպիսի փորձ ունենալով՝ դժվար չէր արդեն վաղուց հասկանալը, որ գերտերություններից ոչ ոքի սիրտը Հայաստանի ու հայերի համար երբեք չի ցավացել և այսօր էլ չի ցավում, նրանք պարզապես իրենց շահերն են հետապնդում, նաև իրենց հակառակորդներին պատժելու համար որպես գործիք հաճախ օգտագործում են հայկական հարցը: Սա մենք գիտենք, գիտեն նաև պետական այրերը, բայց այդքանով հանդերձ, ամեն անգամ միամիտ մանկան պես ոգևորվում ու իրենց հիացմունքն են արտահայտում, երբ որևէ գերտերության ղեկավարներ սեփական շահերի համար կրկին շահարկում են հայկական հարցը: Հիմա Ռուսաստանը Թուրքիայի հետ հասունացող հակամարտության շրջանակներում Թուրքիային պատժելու համար նորից հիշել է, որ Արարատ լեռը մերն է, որ Արևմտյան Հայաստան կա: Ցեղասպանության մասին չեմ ասում, թե հիշել են, որովհետև Ռուսաստանը հայերի ցեղասպանությունն առաջին ընդունողներից է եղել, Սակայն հայերի ցեղասպանության ժխտման համար Ռուսաստանի տարածքում պատիժ սահմանաված չէր, հիմա արդեն այդ հարցն էլ բարձրացվեց:

 

 

Բարձրացվեց թուրքերին ապտակ հասցնելու համար, այլ ոչ թե հանուն հայերի. Դա այնքան ակնհայտ է, որ կարիք չկա ապացուցելու: Եվ ահա մեր ԱԳՆ-ն փոխնախարար Շավարշ Քոչարյանի միջոցով միանգամից ոգևորված մեսիջ է հղում, թե մենք միշտ էլ կողմ ենք եղել ցեղասպանության ժխտման համար պատժին: Ես ուղղակի զարմանում եմ՝ մեր ԱԳՆ-ում չեն ուզում մի քիչ ջանք գործադրեն դեպքերը մի փոքր ավելի խորը վերլուծելու համար, որովհետև ավելի խորը վերլուծելու դեպքում պարզապես չէին խառնվի ուրիշների խաղին: Այո, ուրիշների, որովհետև սա մեր խաղը չէ, մենք այստեղ կողմերից մեկին հետաքրքրում ենք միայն զուտ որպես գործիք: Հակամարտությունը կվերջանա, այս հարցն էլ կփակվի, իսկ մենք հերթական անգամ կգիտակցենք, որ հերթական անգամ նվաստացանք: Վերջիվերջո կարելի է չէ՞ պատվով դուրս գալ ամեն ինչից, իսկ դրա համար ընդամենը պետք էր չեզոք մնալ: Ավելի լավ է՝ հերթական աֆրիկյան պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին մտածեն, դա գոնե անվնաս ու «անշառ» է:

 

 

Կարեն Վարդանյան