Հայաստանի առաջին նախագահը, թերևս, գիտակցում է, որ հանրահավաքային շարժումով, իր այսօրվա նվազ քաղաքական, մարդկային ռեսուրսով, չի կարող ի չիք դարձնել Սահմանադրությունը փոխելու ու նոր իշխանություն ձևավորելու՝ Սերժ Սարգսյանի ծրագրերը: Ըստ այդմ՝ նա գերադասում է հանրահավաքային ամբիոնը ստորադասել հրապարակախոսական ոճին՝ հոդվածով իր բացասական վերաբերմունքն արտահայտելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

 

Միևնույն ժամանակ, այս դեպքում՝ առաջին նախագահին ոչ ոք չի կարող մեղադրել այն բանում, որ նրա հանրահավաքին քիչ մարդ էր հավաքվել, կամ որ՝ հանրահավաքային ելույթներում շատ էին իռացիոնալ շեշտադրումները:

 

Առաջին նախագահի հոդվածին դեռ կանդրադառնանք, մինչ այդ արձանագրենք, որ սահմանադրական փոփոխություններին ընդդիմանալը՝ բնական դաշնակիցներ է դարձրել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, որոնց քաղաքական մեկտեղելիությունը գրեթե անհնար է պատկերացնել գործնական հարթության մեջ: Բայց հենց գործնական քաղաքականության մեջ, բնական է, որ առաջին ու երկրորդ նախագահներն ընդդիմանում են կառավարման խորհրդարանական ձևին անցմանը: Սա փակում է իշխանություն վերադառնալու նրանց բոլոր ճանապարհները, որովհետև կառավարման նոր համակարգը ենթադրում է ուժեղ կուսակցության առկայություն: Մի բան, որի բացը զգում են թե՛ Տեր-Պետրոսյանը, ում կուսակցությունը գնալով թուլանում է, և թե՛ Քոչարյանը, ով ընդհանրապես կուսակցություն չունի ու մի փոքր դժվար է պատկերացնել, որ կարող է նորմալ քաղաքական ուժ ձևավորել՝ մինչև 2017-ի խորհրդարանական ընտրությունները:

 

Մի խոսքով՝ երբ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններ էր նախաձեռնում, հավանաբար, առաջնային է եղել նաև այն հանգամանքը, որ նա դրանով փորձել է փակել քաղաքական իր հիմնական ախոյանների՝ նախկին նախագահների քաղաքական հետդարձի ճանապարհը:

 

Հանուն արդարության՝ ուզում եմ նշել նաև, որ Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն Քոչարյանի, ունի նաև սահմանադրական փոփոխություններին հակադրվելու գաղափարական մոտիվներ:

 

«Մինչև բուն նյութին անցնելը, հարկ եմ համարում կրկնել իմ այն պնդումը (21.09.2015), որ սահմանադրական բարեփոխումներ կոչված փաթեթն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր Սահմանադրության նախագիծ, որովհետև խոսքը վերաբերում է ոչ թե առանձին դրույթների մասնակի ճշգրտումների ու լրացումների, այլ Հայաստանի պետական կառուցվածքի արմատական վերափոխմանը»,- այսօրվա հոդվածը հենց այս բառերով է սկսում առաջին նախագահը: Տեր-Պետրոսյանը կարծում է, ու ոչ առանց հիմքի, որ այս ռեֆորմով փոխվում է արժեքային այն համակարգը, որ ինքն ու իր ընկերները դրել են Երրորդ Հանրապետության հիմքում: Առաջին նախագահը միշտ էլ խանդով է վերաբերել իր քաղաքական ժառանգությունը սրբագրելու փորձերին:

 

Թերևս անժխտելի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միակ հայաստանյան գործիչն է, ով ժամանակին ձևակերպել է ԼՂ խնդրի կարգավորման բանաձևը՝ Հայաստանի զարգացման համատեքստում ու այսօրվա հոդվածում էլ՝ գրեթե անխոցելի են նրա կանխատեսումները միջազգային անցուդարձի, տարածաշրջանային զարգացումների, այդ համատեքստում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ: Այլ հարց է, որ բերված փաստարկները հազիվ թե համոզիչ լինեն Սերժ Սարգսյանի համար, ով սահմանադրական փոփոխությունները դարձրել է իր իշխանության քաղաքական առաջնահերթությունը:

 

Մենք չունենք համազգային օրակարգ, կոնսենուս՝ ձևակերպված կամ չձևակերպված մի քանի խնդրի շուրջ, ու դրանում առկա է մեր երեք նախագահների մեղքը: Նրանցից յուրաքանչյուրը գեղեցիկ խոսքեր է ասել ազգային միասնության ու համերաշխության մասին, սակայն դրանք մնացել են սոսկ խոսքեր, որովհետև երեքի համար էլ՝ երկրի համար շրջադարաձային պահերին, կարևորվել է սեփական քաղաքական «ես»-ը:

 

Սուրեն Սուրենյանց