Նախկինում ոստիկանապետ, ներկայում Սերժ Սարգսյանի խորհրդական եւ նրա ընտրական շտաբներից մեկի պատասխանատու Ալիկ Սարգսյանը իրեն վստահված Արարատի մարզի ընտրատարածքներից մեկում ժողով է արել եւ հետաքրքիր հայտարարություններ արել: Նա շտաբի աշխատակիցներին հորդորել է այնպես աշխատել, որ ժողովուրդն «ամեն անլվայի չբերի դարձնի նախագահ, որոնք ուզում են մեզ դարձնել բոմժ:

Եթե իմանամ, որ իմ երեխաները բոմժ են դառնալու, կթքեմ Հայաստանի վրա ու կհեռանամ», ասել է Ալիկ Սարգսյանը:

Ալիկ Սարգսյանն ընդհանրապես հետաքրքիր պատմությունների մեջ է ընկնում, պարբերաբար: Օրինակ, Արարատի նախկին մարզպետ Վարդգոս Հովակիմյանը, ով մեղադրվում է յուրացումների մեջ, իր հերթին Ալիկ Սարգսյանին մեղադրում է մարզպետարանի վերանորոգման համար հատկացված գումարները յուրացնելու եւ Արտաշատում այդ գումարներով սեփական ռեստորան կառուցելու մեջ:

Բացի այդ, ոստիկանապետ եղած ժամանակ նրան կասկածեցին Սերժ Սարգսյանի դեմ ինչ որ դավադրության մեջ: Դրանից հետո նա հրաժարական տվեց, ու նշանակվեց խորհրդական: Արդեն այս պաշտոնում նա եւ իր մտերիմը՝ Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը, փառավորապես տապալեցին ընտրությունը, եւ ՀՀԿ-ն Արարատի մարզում պարտվեց ԲՀԿ-ին: Նրանց սկսեցին կասկածել մոտ 800 հազար դոլար գրպանելու մեջ, որը պետք է բաժանվեր ընտրողներին:

Ալիկ Սարգսյանը շատ այլ պատմությունների մեջ էլ է հայտնվել, եւ թերեւս եկել է դրանց «տակից դուրս գալու» եւ շեֆին ծառայություն մատուցելու ժամանակը: