Մի երկու հարսանիք, թաղում, ընտանեկան գործեր... սա այն է, ինչ ժամանակին մոտ կես միլիոն ձայն հավաքած քաղաքական գործիչը, առաջնորդը ներկայացնում է որպես քաղաքական դաշտից տևական բացակայության կամ պասիվության պատճառ: Հիմա արդեն վերադարձել է ու ասուլիս է տալիս, ասում է, թե նոր մարտավարություն է լինելու այս անգամ: Թե որն է լինելու այդ մարտավարությունը՝ կրկին անորոշ մնաց ինձ համար, որովհետև կրկին բացի պաթետիկ և ընդդիմադիր ոգով արտահայտություններից, ոչինչ հստակ չասվեց, ոչ մի կոնկրետ ծրագիր, ոչ մի ապագայի տեսլական: Իհարկե, տարբերություն կար՝ այս անգամ «Ժառանգության» առաջնորդը «բադասխան» չի ուզում:

 

 

Իսկ ի՞նչ է ուզում. ուզում է, որ «ժողովուրդը» նորից միասնական դառնա և բոլորը դուրս գան «պայքարի»՝ մոռանալով բոլոր ձախողումները, հիասթափությունները: Բայց ախր նման բաները այդքան հեշտ չեն մոռացվում: Երբ իրեն հետևող բազմահազար մարդկանց առաջնորդը թողնելով գնում է աղոթելու, առնվազն պետք է գիտակցի, որ դրանից հետո գրեթե անհնար կլինի ևս մեկ անգամ այդքան մարդկանց վստահությանն արժանանալ: Քաղաքականության մեջ ձախողումները չեն մոռացվում, և դրա արդյունքը այսօր առավել քան տեսանելի է՝ ընդդիմադիրների հանրահավաքներին ոստիկաններն ու լրագրողները ավելի մեծ թիվ են կազմում, քան բուն մասնակիցները: Բայց տպավորություն է, որ թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՛ մյուսները դա չեն ուզում նկատել, կամ էլ նկատել են, սակայն նրանց չի մտահոգում, հետևաբար՝ արդյունքն էլ առանձնապես չի մտահոգում:

 

 

Մի փոքր էլ արդյունքի մասին. ասենք դեկտեմբերի 1-ին հավաքվեցին, պահանջեցին ռեժիմի հեռացում, ռեժիմն էլ բնականաբար չի հեռանա, ի՞նչ պետք է անեն: Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ եթե պետք լինի, եթե «ժողովուրդը» այդպես որոշի՝ ինքը կմնա մինչև վերջ: Բայց ինչպես արդեն վերևում ասացի, մի քանի տասնյակ կամ թեկուզ մի քանի հարյուր մարդը դա դեռ «ժողովուրդը» չէ, մինչև վերջ մնալուն էլ հավատացողներ շատ քիչ մնացած կլինեն՝ անցյալի դառը փորձից ելնելով: Հետևաբար, նախ մարտավարություն չկա, չնայած «Ժառանգության» առաջնորդը խոստացավ մոտ ապագայում այն ներկայացնել, նաև ապագայի հետ կապված որևէ տեսլական չկա, որևէ կոնկրետ ծրագիր: Պատկերացրեք մի պահ, թե ռեժիմը տեղի է տալիս և հեռանում, և տեղի ունենա իշխանափոխություն:

 

 

Ո՞վ է նստելու իշխանության ղեկին, ինչպե՞ս է երկիրը դուրս բերելու ստեղծված իրավիճակից, ի՞նչ ծրագրով է զարգացնելու տնտեսությունը, ինչպե՞ս է լավացնելու մարդկանց կյանքը, եթե իհարկե լավացնելու է: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը չկա, քանի որ ոչ իրատեսական ծրագրեր կան, ոչ էլ, ըստ իս՝ վստահություն ներշնչող թեկնածուներ:

 

 

Իսկ թեկնածուների մասին նույնիսկ իրենք էլ չգիտեն, թե ով կլինի, ուզում են փոխել, բայց չեն պատկերացնում, թե ում հետ փոխել: Չնայած Րաֆֆի Հովհաննիսյան այս անգամ մի ակնարկ արեց, որը երևի ողջ ասուլիսի ընթացքում միակ իսկապես նոր բանն էր, որ նա ասաց: Հովհաննիսյանն ասաց, որ եթե պետք լինի, ինքը նորից կդնի իր թեկնածությունը, բայց պատրաստ է կանգնել երիտասարդ սերնդի և հատկապես կին թեկնածուի կողքին:

 

 

Այ հետաքրքիր է, թե ինչ կին թեկնածուի մասին է խոսքը: Չնայած, կարծում եմ՝ հասկացաք...:

 

 

Կարեն Վարդանյան