Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթի վերջին 2-3 օրվա ուսումնասիրությունները, ցավոք, ցույց են տալիս, որ օգտատերերի մի ոչ փոքր հատված կողմ է նույնիսկ ահաբեկչության միջոցով երկրում իշխանափոխություն անելուն: Սա իրականում սարսափելի փաստ է և ցույց է տալիս, որ մեզանից շատերին ղեկավարում է կույր ատելությունը և խորթ են այնպիսի հասկացությունները, ինչպիսին են պետականության զգացումը, հայրենիքի, սեփական երկրի հանդեպ պատասխանատվության գիտակցությունը: Ատելություն իշխանությունների հանդեպ, անշուշտ, առանց պատճառ չի լինում, բայց երբ այդ ատելությունը հասնում է փաստացի հնարավոր ահաբկչությունն արդարացնելուն՝ դա արդեն իրոք մտահոգիչ է: Եվ քանի որ յուրաքանչյուր երևույթ ունենում է երկու կողմ, ուրեմն հաջորդ կողմն էլ պետք է հաշվի առնել՝ որ պատճառը նաև իշխանությունների հանդեպ անվստահությունն է, որը միշտ առկա էր և գնալով ավելի հասունանում էր: Սա խնդիր է, որը բոլորիս մտածելու տեղիք պետք է տա, թե՛ իշխանություններին, թե՛ քաղաքացիներին: Սա երկրում անառողջ մթնոլորտ լինելու ապացույցն է:

 

Սակայն մի նկատառում. եթե սովորական քաղաքացիների դեպքում այսպիսի ծայրահեղ դրսևորումները էլի ինչ-որ տեղ կարելի է փորձել հասկանալ՝ վերագրելով զուտ մարդկային էմոցիաներին, ապա նույն դրսևորումները մի շարք քաղաքական գործիչների մոտ ոչ մի դեպքում չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ: Չէ՞ որ այդ մարդիկ հավակնում են մի օր էլ երկիր ղեկավարել՝ տեսականորեն ահաբեկչական մեթոդներն արդարացնելով:

 

Կարեն Վարդանյան