Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյսին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգին վարձակալության հանձնելու պայմանագիր ստորագրված չէ և ավելացրեց. «Դեռ որևէ պայմանագիր չի ստորագրվել։ Գուցե ինչ–որ թյուրիմացություն կա»։

Երկար ժամանակ խուսանավելով լրագրողների հարցից, թե առաջարկը ումն է եղել՝ իրանական կողմինը, թե հայկական, դեսպանն ի վերջո ասաց. «Մեծ հավանականություն կա, որ կարող է առաջարկված լինել իրանական կողմից»,– սակայն ավելացրեց, որ առաջարկը բխում է ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի շահերից, այն է ՝ Հայաստանում ավելացնել անասնագլխաքանակը։

Հայաստանյան մարզպետներին անձամբ այս մասին խորհուրդ տված Իրանի դեսպանը նշեց, որ չնայած Հայաստանը գյուղատնտեսական առումով զարգացած երկիր է, ունի ոլորտի զարգացման լավ ներուժ, հնարավորություններ, ցավոք սրտի, անասունների գլխաքանակը Հայաստանում բավարար չէ։ Իր՝ դեսպանի անձնական ուսումնասիրությունների համաձայն, անասունների գլխաքանակը Հայաստանում կարելի է հասցնել մինչև 7 միլիոնի։

Այս տվյալները հաղորդելուց հետո դեսպանն ընդգծեց, որ Իրանը մսի արտահանման լավ շուկա է, և չմոռացավ նշել Հայաստանի աշխարհագրական դիրքը, այն է՝ շատ մոտ է Իրանին։

Մոհամմադ Ռեյսին նշեց, որ սա հնարավորություն կտա մինչև 2-ից 3 միլիոն կենդանի ոչխար արտահանել Իրան։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ դեսպանը հավաստիացրեց, որ երկու կողմը չեն կարող ինչ–որ թաքուն պայմանագիր կնքել և ըդգծեց, որ այն պետք է վավերացվի Հայաստանի Ազգային ժողովի կողմից։ Իր խոսքը դեսպանն ամփոփեց հավաստիացմամբ, որ այս ծրագիրը փոխշահավետ է լինելու կողմերի համար՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի։

Նշենք, որ դեռևս անցյալ տարվա հուլիսի 10-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ղեկավարությամբ Իրանի Արևելյան Ադրբեջան (Արևելյան Ատրպատական) նահանգի հետ ստորագրվել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ոչխարաբուծության նպատակներով Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ տալ Իրանի վերոնշյալ նահանգին՝ առնվազն 50 հազ. հա չափով՝ մինչև 10 տարի ժամկետով:
Եվս 2000 հա կտրամադրվի որպես բնակավայր: Այստեղ արածելու են առնվազն 50 հազ. եղջերավորներ:

Խնդրի կապակցությամբ իրենց անհանգստությունն են հայտնել մի շարք հասարակական և բնապահպանական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ և գյուղատնտեսներ։