Բաց նամակ Արշալույսի «գյուղապետ» Զարզանդ Գրիգորյանին.

 

«Հայտնի ճշմարտություն է՝ հնարավոր է մի կարճ ժամանակահատված մոլորեցնել ամբողջ ժողովրդին, հնարավոր է նաև հավերժ մոլորեցնել ժողովրդի մի փոքրիկ հատվածին, բայց անհնար է հավերժ մոլորեցրած պահել ողջ ժողովրդին։

 

Ասույթը կարելի է տեղայնացնել նաև առանձին համայնքի մասշտաբով։ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանին ու իր պատգամավոր եղբորը հաջողվել է մի կարճ ընթացք խաբել համագյուղացիներին։ Ու ոգևորված գյուղապետի պաշտոնի չարաշահմամբ ձեռք բերած հարստությամբ՝ Զարզանդը վերստին առաջադրվել է այդ պաշտոնին։ Թե ինչի՞ վրա է հույսը։

 

Իմացի՛ր, Զարզա՛նդ, արշալույսիցին հարիֆ չէ, որ անընդհատ խաբեք։ Ու ոչ էլ վախկոտ է արշալույսցին՝ չենք զարզանդում ո՛չ քեզանից, ո՛չ անունիցդ։ Ինքդ լավ գիտես, թե ինչու համագյուղացիներդ քեզ չեն ընտրելու։ Բայց եթե հիշեցման անհրաժեշտություն կա, մի քանի փաստ մատնանշենք։

 

Ուրեմն, հենց գյուղապետական ընտրությունից անմիջապես առաջ ասֆալտապատվում են գյուղի մի քանի փողոց։ Բա ինչո՞ւ մինչ այդ երբեք չէիր մտածում ասֆալտապատման մասին։ Ասենք՝ սեպտեմբերի 1-ին ձայն մուրալու կարիք չունեիր, չէ՞։ Դրա համար էլ մեր գյուղի դպրոցը միակն էր, որի բակն ու տարածքը սեպտեմբերի 1-ին մաքրամաքուր չէին։ Առուներն այնքան էին կեղտոտ մնացել, որ գյուղի կենտրոնը' դպրոցի ամբողջ ճանապարհը ցեխաջրի մեջ էր։

 

Ի դեպ, եթե նախընտրական աշխատանքներ կատարում էլ ես, հո արդեն սեփական փորձառությունից գիտենք, որ կիսատ ես թողնելու։ Նախորդ անգամ էլ, երբ «ընտրվում էիր», փետրվար ամիս էր, բերիր ձմռան կեսին մանկապարտեզի շենքի տանիքը կապեցիր, թե իբր հիմնանորոգելու ես։ Ընտրության հաջորդ օրն իսկ աշխատանքները դադարեցվեցին, ու արդեն 4 տարի՝ ոչինչ արված չէ։ Այնպես որ՝ էլ ոչ մեկի աչքին չես կարող թոզ փչել։ Նույն սկզբունքով էլ՝ հենց ընտրվեցիր, վերացավ ուսանողներին Երևան տեղափոխող անվճար ավտոբուսը, որ հիմա էլի ընտրությունից 1 ամիս առաջ վերականգնել ես։ Ո՞վ չի հասկանում, որ եթե ընտրվես, դեկտեմբերի 7-ից ավտոբուսը չի աշխատելու։

 

Համայնքային ծառայության մասին օրենքն ու ՏԻՄ օրենքը պարտադրում են, որ համայնքի ղեկավարն առնվազն տարեկան մեկ անգամ հրապարակային, թափանցիկ հաշվետվությամբ հանդես գա հանրության առաջ՝ ներկայացնելով տեղական բյուջեից արված ծախսերը։ Գոնե մեկ անգամ հաշվետվություն ներկայացրե՞լ ես։ Փորձե՞լ ես բացատրել, թե այդ ինչպես եղավ, որ գյուղապետ աշխատածդ տարիներին գյուղացիների սոցիալական վիճակը վատթարացավ, հարյուրավոր մարդիկ ճարահատյալ լքեցին գյուղը, իսկ քո գործերն առաջ ընկան։ Դե, հո չես կարող հրապարակային ներկայացնել, որ գյուղի բյուջեի փողերով անձնական բիզնես ես անում, որ 6 000 մետր քառակուսի տարածքում սեփական ջերմոց ես սարքել։ Կարո՞ղ ես բացատրել, թե ինչո՞ւ ես պարսպապատել գյուղի հին գերեզմանոցը։ Ճի՞շտ է, որ բյուջեի փողերով քեզ համար շուկա ես կառուցում և հարսանյաց սրահ՝ գերեզմանոցի մեջտեղում։ Շուկայի մասով՝ չե՞ս ամաչում, որ սոխ ու բադրջան ծախողների հետ փայ ես մտնում։ Առանձին մարդկանց կարողանում ես խաբել, թե իբր անձնական բիզնեսիդ մեջ ոչ թե մեր գյուղի բյուջեի, այլ՝ պատգամավոր եղբորդ փողերն են։ Բայց չէ՞ որ, ըստ փաստաթղթերի, եղբորդ բիզնեսն անկում է ապրում, մեռնում է՝ այն պաշտոնապես մտել է սնանկացման փուլ։ Թե՞ պետությանն էլ եք խաբում շուստրի ախպերներով։

 

Զարզա՛նդ, իսկ կարո՞ղ ես հաշվետվություն ներկայացնել, թե ինչ իրավունքով ես գյուղի պահուստային հողերում ցորեն ցանում, իսկ շահույթն անձամբ յուրացնում։ Գյուղի հողերը հո քո սեփականությունը չե՞ն։ Թե՞ կարող ես բացատրել ինչ արիր այն փողերը, որ ստացար գյուղի ջրի, գազի չուգունե խողովակները պարսիկներին վաճառելուց։ Ասենք՝ համեր առար, հետո՞:

 

Միակ աշխատանքը, որ ներկայացրել ես, թե արել ես իբրև գյուղապետ, կատարված խճապատումն է, էն էլ՝ իրականում ջրմուղն է արել, դու դրա հետ կապ չես ունեցել, դա չի արվել համայնքի բյուջեով:

 

Կամ ինչպե՞ս ես շփվում համագյուղացիներիդ հետ։ Մարդկանց չես տրամադրում պահանջվող տեղեկանքները, որ պարտավոր ես՝ ասելով, թե գնա, ում օգտին քվեարկել ես, նրանից էլ ուզի։ Բա որ գիտես՝ քեզ չենք ընտրում, էլ ո՞նց ես դարձյալ հավակնում այդ աթոռին։

 

Հարցերի շարանը դեռ երկար կարող ենք շարունակել և կշարունակենք, եթե ստիպես, իսկ առայժմ, Զարզա՛նդ, ականջիդ օղ արա՝ Արշալույս գյուղը, «Այո՛» ասելով Սահմանադրության բարեփոխումներին, միանշանակ «Ո՛չ» է ասում քեզ։ Ու չփորձես սահմանադրական հանրաքվեն օգտագործել անձնական նպատակներով»։

 

Արշալույս գյուղի բոլոր ընտրողների անունից՝ մի քանի տասնյակ արշալույսցիներ