Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն պարզաբանել է, թե ինչու պաշտոնական Անկարան ներողություն չի խնդրի Ռուսաստանի Դաշնությունից կործանված Սու-24 ինքնաթիռի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ ասուլիսի ժամանակ Դավութօղլուն կրկին ասել է, թե օդային տարածքը Թուրքիայի սուվերենության մի մասն է, իսկ ռուսական ինքնաթիռի խոցումը պաշտպանական գործողություն է եղել:

 

«Ոչ մի երկիր ներողություն չի խնդրի իր պարտականությունն իրականացնելու համար: Մեր բանակը կատարել է այն, ինչն իրենից պահանջվում էր: Ոչ մի երկիր չպետք է սպասի, որ մենք ներողություն կխնդրենք մեր գործն անելու համար»,- ասել է Դավութօղլուն՝ հավելելով, թե իրենք պատրաստ են ցանկացած մակարդակի հանդիպում կազմակերպել ռուսական կողմի հետ:

 

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով և վայր ընկել Թուրքիայի սահմանից 4կմ հեռավորության վրա: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: