Երեկ Facebook սոցիալական ցանցում բուռն քննարկումների առարկա էր դարձել, նաև քննադատությունների արժանացել մի սովորական լուսանկար, որտեղ միասին նկարված էին տարբեր հայացքներ ունեցող քաղաքական և հասարակական գործիչներ, իշխանականներ ու ընդդիմադիրներ, «Այո»-ականներ և «Ոչ»-ականներ: Մարդիկ ընդամենը գնացել էին միասին խաշ ուտելու և նկարվել էին: Հետաքրքիրն այդ նկարի շուրջ բարձրացված աղմուկն էր՝ է՛լ «դավաճաններ», է՛լ «ծախվածներ» ու նման անհեթեթ պիտակավորումներ: Բնական է՝ նման պիտակավորումները տրվում էին մի խումբ ոչ ադեկվատ ընդդիմադիրների «Ոչ»-ականների կողմից: Սա ևս մեկ անգամ վկայում է Հայաստանում անառողջ մթնոլորտի առկայության մասին, և որ նման մթնոլորտ ունենալով՝ մենք երբևէ չենք կարողանա գտնել առկա խնդիրների արդյունավետ լուծումները:

 

Պետք է հասկանալ մի պարզ բան՝ քաղաքական հակառակորդը կամ այլ հայացքների տերն անձնական թշնամի չէ, այլ ընդամենը մարդ է, ով մի փոքր այլ կերպ է մտածում: Ավելին՝ հակառակ քաղաքական հայացքների տեր մարդիկ կարող են լինել ընկերներ, մտերիմներ, նույնիսկ նույն ընտանիքի տարբեր անդամներ կարող են ունենալ տարբեր քաղաքական հայացքներ: Եվ խառնել քաղաքական հայացքները անձնական փոխհարաբերությունների հետ՝ առնվազն մոլեռանդության և սահմանափակ մտքի դրսևորում է: Այսինքն՝ նմանների կարծիքով՝ մարդիկ հանդիպելիս պետք է խոսեն միայն քաղաքականության մասին, այլ թեմաներ կյանքում գոյություն չունեն: Պետք է հիասթափեցնեմ այդ ընկերներին՝ ասելով, որ իրականում զրույցի թեմաները շատ-շատ են լինում, և հաճախ քաղաքականությանը պարզապես հերթ էլ չի հասնում: Նաև պետք է ասեմ, որ նման արատավոր մտածելակերպի առկայությունը վնասակար է հանրության առողջության համար: Ցավոք, այդ մտածելակերպը կա նաև որոշ քաղաքական գործիչների շրջանում, դրա համար էլ մեր քաղաքական դաշտում գաղափարական սնանկություն է:

 

Կարեն Վարդանյան