«Ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել հավաքականի տղաներին՝ մեր կոչին միանալու, Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը պատասխանելու համար: Հաստատում ենք, որ իրադարձությունների յուրաքանչյուր զարգացման դեպքում ՖԱՖ-ը մինչև վերջ սատար է կանգնելու հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին և վստահություն ենք հայտնում, որ այս միջադեպի հետևանքով ունենալու ենք ինչպես ավելի կուռ և միասնական կոլեկտիվ, այնպես էլ հայ երկրպագու-ֆուտբոլիստ հրաշալի հարաբերություններ:

Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը միջազգային մամուլը անդրադարձավ «Սա ուղղակի ռումբ է» , «Պայթյուն պարզ երկնքում», նմանօրինակ ու նմանատիպ վերնագրերով: Գործին խառնվեցին նաև միջազգային իրավաբաններ, որոնք խաղերի վաճառելու, առուծախի, պայմանավորված հանդիպումներ հետաքննելու մեծ փորձ ունեն: Միջազգային ԶԼՄ-ների ու փորձագետների միանշանակ կարծիքը հետևյալն էր, որ Ռուբեն Հայրապետյանը այս ամենն անում է, որպեսզի հայ մարզասերի, հանրության ուշադրությունը շեղի հայկական ֆուտբոլի արդիական, լուծում չստացած բազմաթիվ խնդիրներից:

Նա բացեիբաց, ի լուր աշխարհի դավաճան հայտարարեց ՀՖՖ հովանու ներքո հանդես եկող ազգային թիմի որոշ ֆուտբոլիստների՝ չունենալով ոչ մի հիմք ու փաստարկ: Իսկ մեր ազգային թիմի առաջատարների հայտարարությունից հետո, Հայրապետյանը արձագանքեց՝ նշելով, որ դավաճանություն ասելով ինքը լրիվ այլ բան է նկատի ունեցել: ՖԱՖ-ի կարծիքով նման լուրջ ու հեղինակավոր կառույցի առաջին պաշտոնական ներկայացուցիչն ու պատասխանատուն ուղղակի իրավունք չուներ Հայաստանի ֆուտբոլային հեղինակությունը եվրոպական մի շարք երկրներում կասկածի տակ դնելով, անպատասխանատու, անհիմն հայտարարություններ անել: Ռուբեն Հայրապետյանը չտիրապետելով իրավիճակին, մեղադրում է բոլորին՝ մարզիչներին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին:

ՖԱՖ-ի՝ Հայաստանում առաջին և ամենամեծ ֆան շարժման առաջնային նպատակը մնում է Ռուբեն Հայրապետյանի հեռացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկից: ՖԱՖ-ը ցանկանում է ՀՖՖ ղեկին տեսնել պատասխանատու, աջ ու ձախ մեղավորներ չփնտրող, ինքնաքննադատ, հաշվետու, պրոֆեսիոնալ ղեկավարի, ում համար Հայաստանի ֆուտբոլային հանրությունը չի ամաչի: Մենք թույլ չենք տա, որ վտանգվի հաջորդ, ամենայն հավանականությամբ ներկա սերնդի ամենակարևոր ընտրական փուլը: Մեր գործողություններն ու միջոցառումները կշարունակվեն նաև սույն թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում»: