Այսօր ձմռան առաջին օրն է: Քյասիբ երկրներում ձմեռը հոգս է, որին շատերը չեն դիմանում: Մեկը վերջին ունեցածն է ծախում' թաքուն հույսով, որ գուցե հաջորդ ձմեռը պակաս հոգսաշատ կլինի: Մարդկանց մի մեծ խումբ երկրից գնում է: Քչերը դեռ հավատում են պայքարին:

 

Այդ քչերին հենց այսօր' հոգսաշատ ձմռան առաջին օրը, հեղափոխության մեկնարկ են խոստացել: Ժիրայր Սէֆիլյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն են խոստացել' իրենց «Նոր Հայաստանով»:

 

Դեռ ձյուն չկա, բայց կազմակերպիչներն այսօրվանից մեկնարկող հանրահավաքային պայքարի զարգացումը տեսնում են ձնագնդի էֆեկտով' իրենց համոզելով կամ հասարակությանը ներշնչելով, որ արդեն դեկտեմբերի 6-ին այս իշխանությունը չի լինելու:

 

Համենսյն դեպս, երեկ Ժիրոն մեր հասարակությանը, իսկ Րաֆֆին՝ օտարերկրյա դիվանագետներին համոզում էին հայկական հեղափոխության հաղթանակի անխուսափելիության հարցում:

 

Ես նորաթուխ «Ռոբեսպիերների» համոզվածությունը չունեմ, ավելի ճիշտ՝ համոզված եմ, որ Հայաստանում մոտ ժամանակներս՝ գոնե այս տարվա մեջ, ոչ մի հեղափոխություն էլ չի լինելու:

 

Սէֆիլյանը երբեք հանրային վստահության պաշար չի ունեցել, ըստ այդմ' նրա հայտարարություններն ու խոստումները զուրկ են սոցիալական պատասխանատվության բաղադրիչից: Րաֆֆի Հովհաննիսյանի աստեղային ժամը եկավ ու ակնթարթորեն հեռացավ 2013-ին ու հիմա, դժբախտաբար, այնքան էլ էական չէ, թե ինչ է խոսում «Ժառանգության» լիդերը, որովհետև նրա խոսքը կորցրել է լրջությունն ու արժանահավատությունը:

 

Վաղվանից՝ մի քանի օրով, Երևանում պտտվելու է տապալված հեղափոխության ուրվականը: Ու ձմեռն ավելի ծանր է լինելու, որովհետև մի քանի տասնյակ մարդ էլ մրսելու են՝ հեղափոխության վիժումը թամաշա անելուց:

 

Սուրեն Սուրենյանց