Այսօր մի շարք քաղաքացիներ ահազանգել են, որ Երևան տեղափոխող երթուղիները քաղաքացիներին պարզապես չեն սպասարկում, կամ էլ երթևեկությունը միակողմանի է: Այսինքն՝ միայն Երևանից գնացող երթուղին է աշխատում:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Տրանսպորտի և կապի նախարարության տրասնպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը հերքեց տարածված տեղեկատվությունը՝ ասելով, որ բոլոր երթուղիները սպասարկվում են անխափան:

 

Մեր այն հարցին, թե խնդիրը կարող է և քաղաքական է, քանի որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը» հաղորդագրություն է տարածել մարզերից դեպի Երևան ժամանող քաղաքացիների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու վերաբերյալ, Մելքոնյանը կրկին հերքեց.

 

«Նման տեղեկատվություն չկա, որ հանրահավաքի համար ճանապարհները փակ են, երկրորդ՝ կրկնում եմ՝ ճանապարհները բաց են»:

 

Ըստ հայտարարության՝ նման ահազանգեր են ստացվել արդեն Վայոց Ձորի մարզից, Աբովյան, Գառնի, Բյուրեղավան, Եղվարդ, Նոր Հաճն և Բուժական բնակավայրերից ոստիկանության հրահանգով ավտոբուսային երթուղիները հանելու և քաղաքացիների տեղաշարժը դեպի Երևան խոչընդոտելու մասին: